կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 18:44
Առանց Կատեգորիա

Տարասյուկի պոռթկումը, կամ՝ երբ մոլեռանդությունը սպանում է բանականությունը

Տարասյուկի պոռթկումը, կամ՝ երբ մոլեռանդությունը սպանում է բանականությունը

Այսօր «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Ուկրաինան ներկայացնող Բորիս Տարասյուկը հանդես է եկել ԼՂ հիմնահարցի և ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշմանը վերաբերող չափազանց կոշտ հայտարարություններով: Նա նշել է, թե ԼՂ հիմնահարցի շրջանակում Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է: «Մենք գտնում ենք, որ այդ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է»,- ասել է նա: Նաև հայտարարել է. «Ռուսական քարոզչությունը Հայաստանում շատ արդյունավետ է անցնում, որովհետև ամբողջ ԱՄՆ-ը և Եվրոպան համարում են, որ Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Հայաստանում այդպես չեն համարում: Դա նույնն է, որ դուք տարիներով խոսում եք հայերի ցեղասպանության մասին, և որևէ մեկը դա փորձում է ժխտել: Եթե դուք հիմա ժխտում եք, որ Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի հանդեպ, ապա ինչպե՞ս կարող եք ամբողջ աշխարհից պահանջել, որ ճանաչեն այդ ցեղասպանությունը»:

 

Այն զգացմունքային ֆոնը, որի շրջանակներում Տարասյուկն անում է նման հայտարարություններ, իհարկե, հասկանալի է: Մանավանդ` եթե նկատի առնենք, թե Հայաստանի խորհրդարանում ընթացող «Եվրանեսթի» վեհաժողովում արդեն չորս օր շարունակվող` գրեթե բացառապես ուկրաինական թեմատիկայի արծարծումը, ընդհուպ` շահարկումը, հայկական պատվիրակության կողմից Երևանի դիրքորոշումները հասկանալի չներկայացնելն ինչպիսի նպաստավոր պայմաններ են ստեղծում զգացմունքներին ազատորեն տուրք տալու համար: Բայց սա Հայաստանն է, որտեղ ուկրաինացի պատվիրակը կարող է ազատորեն արտահայտել իր մտքերը՝ առանց վախենալու, որ դրա համար նրան վայր կգլորեն ամբիոնից կամ կանջատեն խոսափողը՝ մոտավորապես այնպես, ինչպես նման դեպքերում վարվում է Ուկրաինայի ոչ ֆորմալ դաշնակիցը համարվող Ադրբեջանը:

 

Բայց խնդիրը դա չէ: Այլ այն, որ, պահանջելով հասկանալ իրենց դրությունը, իրերը կոչել իրենց անունով, Տարասյուկը չի ուզում հասկանալ, թե ինչու է, մասնավորապես, ուկրաինական հարցում Հայաստանի դիրքորոշումը ամերիկյանից ու եվրոպականից զգալիորեն տարբեր: Հավանաբար, նա ավելի կնախընտրեր, որ Հայաստանում ևս ստեղծված լիներ այն իրավիճակը, ինչ կա հիմա Դոնբասում և Լուգանսկում, և «Եվրանեսթ»-ի այս խորհրդաժողովն էլ անցներ հայ-ադրբեջանական փոխադարձ հրետակոծությունների ներքո, կամ Հայաստանում չանցներ` ընդհանրապես: Մի բան, որ հաստատ տեղի էր ունենալու Հայաստանին պատժելու համար Մոսկվայի կողմից Ադրբեջանի սանձերը վերջնականապես ազատ թողնելու, Հայաստանի վրա «քսի տալու» միջոցով:

 

Իսկ, ընդհանուր առմամբ, Ուկրաինացի պատվիրակը կա'մ տեղեկատվությանը բավարար չափով չի տիրապետում, կա'մ բացարձակապես իրականությունից կտրված է: Հայաստանն, իհարկե, նախորդ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ քվեարկեց Ղրիմի հանրաքվեի արդյունքները չճանաչելու և այդ տարածաշրջանը Ռուսաստանին կցելու փաստը դատապարտող` ՄԱԿ-ի բանաձևին: Բայց դա ուներ իր հիմնավորումը` Հայաստանը չէր կարող դեմ քվեարկել ինքնորոշման իրավունքի իրացման միակ օրինական միջոցի՝ հանրաքվեի գործադրմանը՝ ունենալով ԼՂ հիմնահարցը և ԼՂՀ-ի անկախությունը հենց հանրաքվեի միջոցով նվաճելու, այդ հանրաքվեի արդյունքներն աշխարհին ճանաչել տալու իրողությունը: Եթե ուկրաինացի բորբոքված պատվիրակը մի քիչ ուշադիր լիներ, կտեսներ, որ, օրինակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ձեռնպահ քվեարկեց նույն Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա իրականացնելու պատճառով Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշմանը: Նաև գոնե մեկ անգամ իր շուրջը կնայեր՝ հասկանալու, թե ինչպես է պատահում, որ ռուսական քարոզչությանը տրվող Երևանում լրիվ անկաշկանդ կերպով «Եվրանեսթ»-ի պատվիրակները Ռուսաստանի հասցեին ամենասուր քննադատություններն են հնչեցնում և հակառուսական բանաձև ընդունում:

 

Եթե ամեն ինչ այդքան միանշանակ լիներ, ինչպես փորձում է ներկայացնել Տարասյուկը, ապա Երևանը ավելորդ գլխացավանքից ազատվելու համար գուցե նաև վաղուց տապալած լիներ այս վեհաժողովի անցկացումը Երևանում: Իսկ եթե հյուրընկալվող կողմի նման ցինիկությանը պատասխանելու համար մի կողմ թողնենք հյուրընկալի մեր ավանդական հանդուրժողականությունը, ապա կարելի է նաև Տարասյուկին շատ ուղղակի հարցնել` իսկ ինչո՞ւ Հայաստանը պետք է իր շահերը զոհաբերեր և ռիսկի դիմել հանուն Ուկրաինայի, մի երկրի, որը դեռ նախքան մայդանական շիլաշփոթի ու դրան հաջորդած ճգնաժամի մեջ ընկնելը անդամակցում էր հստակ հակահայկական ուղղվածություն ունեցող ՎՈՒՈՒԱՄ կազմակերպությանը և Վրաստանի ու Ադրբեջանի հետ միասին հակահայկական բանաձևեր փորձում անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Եվ այն, որ ԼՂ հարցում Ուկրանան սխալ է համարում Հայաստանին, ո'չ Երևանի և ո'չ էլ հայաստանցիների համար նորություն չէ, այլ ժամանակի ընթացքում հաստատված այնպիսի իրողություն, որը նաև համարժեք պատասխան է պահանջում:

 

Թե՞ Հայաստանը պետք է Ուկրաինային շնորհակալություն հայտներ Հայոց ցեղասպանությունը մինչև հիմա ճանաչած չլինելու համար: Գուցե արժե՞ր Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ագրեսիա ճանաչելու առումով Հայաստանից արդար գնահատականներ ակնկալելուց առաջ արդարության արժեքով առաջնորդվելու օրինակ ծառայել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով: Այս առումով` ուկրաինական ճգնաժամի և Հայոց ցեղասպանության միջև համեմատականներ տանելը Տարասյուկի կողմից, մեղմ ասած, ցինիզմի պարզունակ դրսևորում է: Նախ՝ դրանք ոչ մի զուգահեռ չունեն ո'չ քաղաքական, ո'չ պրոցեդուրային, ո'չ աշխարհաքաղաքական պայմանների և ո'չ էլ, առավել ևս, միջազգային ներգրավվածության առումներով:

 

Եթե հայ ժողովուրդն այն ժամանակ ունենար միջազգային այն օժանդակությունը, որը հիմա Ուկրաինային ցուցաբերում են Եվրոպան և ԱՄՆ-ը, իսկ Անգլիան ու ԱՄՆ-ը նույնպիսի ջերմեռանդությամբ ժամանակակից սպառազինությամբ ապահովեին հայ ազգաբնակչությանը, ինչպես հիմա անում են Ուկրաինայում, Տարասյուկն, ամենայն հավանականությամբ, հիմա խորհրդաժողովին մասնակցելու համար ոչ թե Երևանում կլիներ, այլ Վանում, վատագույն դեպքում՝ Կարսում:

 

Բայց ունենք այն, ինչ ունենք, և մարդու բարոյական նկարագրի ու էթիկայի կամ դրանց բացակայության հարց է՝ ինչպես մոտենալ նման հարցերին: Իսկ եթե նա զուգահեռները փորձում է տանել արդարության ճանաչման պահանջատիրության հարթությունում, ապա դեռ պետք է լրջորեն ուսումնասիրել ու գնահատել, թե, անկախ ամեն ինչից, մասսայական ոչնչացման զենքով Դոնբասի, Լուգանսկի խաղաղ բնակչությանը, որը Կիևը շարունակում է համարել իրենը (ինչպես ժամանակին երիտթուրքական կառավարությունն էր թուրքահպատակ հայերին համարում իր քաղաքացիները), ոչնչացնելու` ուկրաինական բանակի գործողություններն ինչպե՞ս կարելի է բնորոշել:

 

Սա ռուսական քարոզչության ազդեցություն չէ: Ի վերջո, այդ դեպքերը ոչ թե մեր կողմից են արձանագրվում, այլ հակամարտության գոտում գործող միջազգային, մասնավորապես՝ ԵԱՀԿ դիտորդների: Այնպես որ` Տարասյուկին չէր խանգարի խոսելուց առաջ մի քիչ էլ մտածել:

 

Գևորգ Դարբինյան