կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-24 19:10
Հասարակություն

Նորավարտ քննիչները դիպլոմների հետ միասին ստացան աշխատանքի նշանակման մասին ՔԿ նախագահի հրամանները

Նորավարտ քննիչները դիպլոմների հետ միասին ստացան աշխատանքի նշանակման մասին ՔԿ նախագահի հրամանները

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 26 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 

Դիպլոմների հետ միասին քննիչների թեկնածուներն ստացել են նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները և այսօրվանից կանցնեն իրենց պաշտոնավարմանը։

Արդարադատության ակադեմիայում 2016թ. քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն իրականացվել է երկու խմբով: Առաջին խմբում ընդգրկված էր 26 քննիչի թեկնածու, որոնց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր։

Ուսումնառության դասընթացները շարունակում է ևս 20 թեկնածու, ովքեր ուսումնառությունը կավարտեն սույն թվականի դեկտեմբերին և դրական գնահատականներ ստանալու դեպքում աշխատանքի կանցնեն ՀՀ քննչական կոմիտեում։

Օրենքով Արդարադատության ակադեմիային է վերապահված քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումը: Քննիչների թեկնածուների ուսուցման ընդհանուր տևողությունը սահմանված է շուրջ ութ ամիս (առաջին խումբ՝ 2016 թվականի մարտի 1-ից նոյեմբեր 4-ը)՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Մասնագիտական պատրաստումն իրականացվել է առկա ուսուցմամբ՝ լսարանային ուսուցման և փորձաշրջանի եղանակներով: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը սահմանվում է 1670 ակադեմիական ժամ: Ուսուցումն իրականացվել է ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական դասընթացների հիման վրա։

Ուսուցման ծրագիրը նպատակաուղղված է ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը: