կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-04 22:17
Հասարակություն

Մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձման արարողություն՝ Շիրակի պետական համալսարանում

Մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձման արարողություն՝ Շիրակի պետական համալսարանում

Օգոստոսի 4-ին Շիրակի պետական համալսարանում տեղի է ունեցել մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողություն: Համալսարանի կարգավիճակով մագիստրատուրայի առաջին շրջանավարտների թիվը 101 է եղել, նրանցից 12-ը գերազանցության դիպլոմների են արժանացել:

Արարողությանը մասնակցել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ողջունելով շրջանավարտներին՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նրանց մաղթեց հաջողություններ նախաձեռնություններում, երջանկություն.

«Սիրելի շրջանավարտներ, այսօր ձեզ համար շատ կարևոր օր է, դուք արդեն պարտավորվում եք մեր երկրի, մարզի, քաղաքի զարգացման գործում ունենալ ձեր ներդրումը: Կրթությունն է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատիվ աշխատանքի հիմք է հանդիսանում, իսկ Շիրակը միշտ էլ կրթական կենտրոն է եղել, առաջին ջահը, որ առաջին հանրապետության ծանր տարիներին վառվել է Նիկոլ Աղբալյանի կողմից, վառ է մնացել մինչ օրս, տարածվել է գիտության և կրթության կրակով` այրելով նորանոր երիտասարդների, ովքեր հասկանում են, որ գիտության ճանապարհով անցնելը կարևոր պայման է: Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք»:

Նշենք, որ դիպլոմների հանձման արարողության ավարտին բնակարանի բանալիներ հանձնվեց անօթևան մեկ ընտանիքի, որը գնվել էր Շիրակի պետական համալսարանի ողջ անձնակազմի, շրջանավարտ ուսանողների նվիրատվությունների, ինչպես նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջոցներով: