Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կան բազմաթիվ տարիքային խմբեր` սկսած նորածիններից մինչև զորակոչիկներ, որոնք օգտվում են պատվաստումների ազգային ծրագրից, ընդ որում` եթե նախկինում զորակոչիկները պատվաստումները ստանում էին կենտրոնական հավաքակայանում, ապա հիմա` պոլիկլինիկաներում և արդեն պաշտպանված մեկնում բանակ. լրագրողների հետ խոսելով պարտադիր պատվաստումների մասին` ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը։
Նրա խոսքով՝ մեծահասակների շրջանում կատարվում ենպատվաստումներ դիֆտերիայի, փայտացման դեմ։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ քաղաքացին պետք է ստանա այդ պատվաստումները։ Կան նաև համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ, որոնք օրացուցային սխեմայի մեջ ներառված չեն, բայց, ելնելով համաճարակային իրավիճակից, կոնկրետ որևէ հիվանդության դեմ կատարվում են պատվաստումներ։
«Այսօր բավականին ակտիվ է կապույտ հազի հարուցիչը։ Եթե երեխան մինչև 4,5 ամսական հասակը 3 դեղաչափը չստանա, դա կարող է լինել ճակատագրական, որովհետև հատկապես այդ տարիքում կապույտ հազն առաջացնում է բավական լուրջ բարդություններ։ Երբ երեխան ծնվում է, նա մորից արդեն ստանում է որոշակի պաշտպանական մեխանիզմներ` հակամարմիններ։ Բայց ժամանակի ընթացքում դրանց մակարդակն աստիճանաբար նվազում է, գալիս է մի պահ, երբ երեխան մնում է անպաշտպան։ Պատվաստումների ժամանակահատվածը հենց դրա համար է»,- նշեց բժիշկը։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ պատվաստանյութերը ծնողների մոտ կասկած են հարուցում, Սահակյանը պատասխանեց, որ ամբողջ աշխարհում նկատվում է պատվաստումներից հրաժարվելու միտում, ինչին բավականին նպաստում է համացանցը։ «Այսօր ծնողը, որպես տեղեկատվական օբյեկտ, առաջին հերթին օգտվում է համացանցից, նախկինում վստահում էին մանկաբույժին։ Համացանցից օգտվելուց պետք է իմանալ, որ աղբյուրն է ճիշտ տեղեկություն տալիս։ Հայաստանում մտահոգվելու կարիք չկա։ Մեզ մոտ բավականին բարձր են պատվաստումներում ընդգրկման ցուցանիշները։ Սակայն հրաժարվելու դեպքեր ևս կան»,- ասաց նա և հավելեց, որ պատվաստանյութերի որակի հետ կապված խնդիր չպիտի լինի, որովհետև Հայաստանը դրանք գնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, դրանք միայն եվրոպական արտադրության են և ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորման հավաստագրերը։ «Պատվաստումներից հետո բարդություններ կարող են լինել, կարող է առաջանալ ջերմային ռեակցիա, բայց դա բնական է, սպասվող է»,- հավաստիացրեց Սահակյանը։