Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Գյումրի տեխնոպարկի հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանը հավանաբար մոռացել է, որ Գյումրին տեխնոքաղաք դարձնելու գաղափարի բոլոր իրավունքները պատկանում են ՀՀ կառավարությանը, եւ ոչ ոք, կառավարությունից բացի, իրավունք չունի հայ ժողովրդին ավետել տեխնոքաղաքի հետ կապված հերթական ցնցող լուրը:
Ինքնագլխությունն այս դեպքում հղի է անկանխատեսելի հետևանքներով եւ կարող է համեմատվել նույնիսկ պետական գաղտնիք հայտնելու վատ սովորության հետ: Ստացվում է, որ կառավարությունը բանից անտեղյակ է, մինչդեռ տեխնոքաղաքը առյուծի թռիչքներ է գործում:
Ընդամենը մի քանի օր առաջ նորանշանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու թեմայով անկեղծորեն խոստովանել էր. «Գյումրիի բազմաչարչար տեխնոպարկի առումով մենք պետք է հասկանանք, ընկալենք, տեսնենք` այստեղ ի՞նչ կարող ենք անել»:
Կարելի է ասել, որ կառավարությունն այս հարցում դեռ փնտրտուքի մեջ է, բայց, այ քեզ բան, հնարամիտ գյումրեցիներն արդեն «Բոինգ» մակնիշի ինքնաթիռներ են նախագծում: Հիմնադրամի տնօրենը, շատ ավելի հեռուն գնալով, նաև խոստովանել է, որ իրենք այդ ֆրոնտում զբաղված են գաղափարներ վաճառելով:
Այս ամենի մասին 7or.am կայքում գրել է գյումրեցի թղթակիցը:
Խեղճ «Բոինգ»` երևի ճիշտ կլիներ նման մի բացականչություն անել այս պահին, բայց, քանի որ մեր դարդը «Բոինգ»-ը չէ, մնում է բացականչել` խե~ղճ գյումրեցիներ: Մարդիկ, հայրենի կառավարության շլացուցիչ ծրագրերից ազդված, սկսել են հալյուցինացիայի գիրկն ընկնել: Լավ է` գտնվել են այնպիսիները, ովքեր հենց Գյումրիում են կասկածի տակ առել «Բոինգ»-ի հայեցի հեռանկարը` փրկելով թե' հայտնի ինքնաթիռաշինական կոնցեռնը եւ թե' համաքաղաքացիներին:
Ասենք նաև, որ Գյումրիում ամենաբարդ մեխանիզմը, որ մինչ օրս նախագծվել ու արտադրվել է, եղել է Ալեքի ֆայտոնը: Իսկ ինչ վերաբերում է մանկական երեքակնանի հեծանիվների հայտնի սերնդին, որ ժամանակին արտադրվում էր Լենինականում, ապա այն, եթե հիշում եք, կոչվում էր «Մալիշ» եւ իր անվանումով իսկ փաստում, որ առնվազն նախագծային աշխատանքները մեր ամենահայաշունչ քաղաքում չեն իրականացվել: