կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-25 13:08
Քաղաքական

Մենք բավարարված ենք Վրաստանի հետ հարաբերություններում բավական ակտիվ դինամիկայով. Մնացականյան

Մենք բավարարված ենք Վրաստանի հետ հարաբերություններում բավական ակտիվ դինամիկայով. Մնացականյան

Վրաստանի հետ մեր օրակարգը չափազանց լայն է: Այս մասին Վրաստանում վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Վրաստանի ԱԳ նախարարի և վարչապետի հետ իր հանդիպումներում քննարկված հարցերին:

«Նկատի առեք, որ ունենք բավական կայուն կանոնավոր երկխոսություն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մեկ տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել երկու խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև, մենք` իմ գործընկերոջ հետ բավական ակտիվ ենք շփվում և հաճախ առիթներ ենք ունենում միասին աշխատելու և որևէ սահմանափակում չունենք որևէ պահի և ցանկացած ձևով շփվելու առումով:

Այս պաշտոնական այցի շրջանակներում մենք նորից անդրադարձանք այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են մեր երկու երկրների անվտանգային համակարգերին և այն մարտահրավերներին, որ առնչվում են մեր անվտանգային համակարգերին: Նաև ընդգծեցինք այն, ինչ շատ բնական համատեղ շահագրգռվածություն է՝ զարգացնելու հարաբերությունները այն ուղղությամբ, որոնք ներդրում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:

Այդ առումով մեր երկու երկրները ունեն շատ ընդգծված հետաքրքրություն  և շահագրռգվածություն:

Մենք շատ բավարարված ենք այդ բավական ակտիվ  դինամիկայով, որ գոյություն ունի մեր երկկողմ հարաբերություններում այս տարվա ընթացքում: Գիտեք` որքան հանդիպումներ են եղել բոլոր մակարդակներով, վարչապետների մակարդակով հարաբերությունները բավական ակտիվ են, նախագահների մակարդակով այդ ակտիվ հարաբերությունները և շփումը կան, կա խորհրդարանական հարթակը, որտեղ նույնպես բավական ակտիվ աշխատանք է տարվում:

Մենք փորձում ենք էլ ավելի քաջալերել բիզնես շրջանակների, քաղաքացիական հասարակությունների շփումները, համատեղ աշխատանքը բոլոր մակարդակներով: Սա նույնպես բնականաբար այն հարցերից է, որին մենք անդրադարձել ենք և՛ Վրաստանի նախարարի, և՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Եվ  մեզ համար աշխատելու շատ մեծ հիմք են Երևանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որոնց ծավալը բավական մեծ է: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի՝ ենթակառուցվածքներից մինչև տնտեսության, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ ոլորտներին: Բավական ծավալուն են հարաբերությունները և ծավալուն է օրակարգը, որը ձևավորվել է մեր կառավարությունների միջև և արտահայտվել է միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում:

Դրա հարցերը, և որոշ հարցերին անդրադառնալը, որոնք բխում էին միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներից, նույնպես այսօր մեր օրակարգային հարցերն էին և արտահայտվել են թե՛ արտգործնախարարի, թե՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպումներ ժամանակ:

Պետք է ասեմ, որ ես իսկապես  շատ զգացված եմ և շատ շնորհակալ եմ, որ բավական ջերմ ընդունելության արժանացա այստեղ` Վրաստանում, շատ բարեկամական մթնոլորտում աշխատում ենք միասին, և նաև շատ տպավորիչ էր այն, որքան անմիջապես Վրաստանի վարչապետը իր ներդրումն է ունենում այն աշխատանքին, որ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը»: