Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հայկական կողմը ցանկանում է և պատրաստ է թեկուզ հենց այսօր ստորագրել շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման մասին համաձայնագիր: Արձագանքելով այդ հայտարարությանը` Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը ՌԻԱ «Նովոստի» գործակալությանն ասել է, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է դիտարկել հետաքննության մեխանիզմի ներդրումը` որպես հայկական զորքերի դուրս բերման գործընթացի մաս:
Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն մերժեց օրեր առաջ հայկական կողմի՝ իրավիճակն առաջնային գծում լիցքաթափելուն ուղղված նախաձեռնությունը (Սերժ Սարգսյանի առաջարկը), այլև դրանով պաշտոնապես հրաժարվեց այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել ապրիլյան պատերազմից հետո՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Քաղաքագետը հիշեցրեց, որ, միջնորդների նախաձեռնությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Վիեննայում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարություն էր տարածվել, որում կողմերն իրենց համաձայնությունն էին հայտնել շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրմանը:
«Հետաքննությունների մեխանիզմների ներդրումը հնարավորություն կտար համապատասխան սարքերի միջոցով արձանագրելու, թե հրադադարի ռեժիմը կոնկրետ որ կողմից է խախտվել, ինչը, բնականաբար, ձեռնտու չէր Ադրբեջանին»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը այս նախաձեռնության տապալմամբ նաև ուղերձ է հղում բոլոր կողմերին առ այն, որ շփման գծում սադրանքները չեն դադարելու: