կարևոր
2410 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-19 21:28
Արցախ Հասարակություն

Խնդրում եմ՝ առավելագույնն արեք, հաջորդ ցեղասպանությունը Հայաստանում է լինելու. Բեգլարյանն ուղերձ է հղում

ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Արցախի Ադրբեջանի կազմում ճանաչելու, նշաձողը մեծ չափով իջեցնել, նույնիսկ ինքնորոշման իրավունքի մասին չխոսելը առիթ են տվել այդ 3 ուժերին, որպեսզի Արցախը մղեն դեպի ադրբեջանական հպատակեցում եւ ցեղասպանություն: Այս մասին իր տեսաուղերձում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Այս շրջափակումը, պաշարումը, սովամահությունը, ռազմական ագրեսիան կանաչ քարտ է ստացել եւ՛ Ռուսաստանի, եւ՛ ԱՄՆ-ի, եւ՛ Եվրամիության կողմից: Եթե ոչ ուղղակիորեն նրանցից ոմանց կամ մեկի կողմից, ապա առնվազն անուղղակիորեն նրանք շատ լավ գիտակցում էին, թե ինչ քայլի են գնում, որովհետեւ պարտադիր կերպով բոլորը մեզ մղել եւ մղում են դեպի ադրբեջանական հպատակեցման եւ ցեղասպանության՝ քաջ գիտակցելով, թե դեպի ուր է մղում»,- նշեց նա:

Արտակ Բեգլարյանը ներկայացրեց մի քանի կետ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը.

«Առաջին ՀՀ-ն պետք է դիմի անհապաղ կերպով ՄԱԿ-ի անդամ երկրներին, ծանուցի, որ ցեղասպանություն է ընթանում Ցեղասպանության կոնվենցիայի բոլոր կետերով առնվազն 2-րդ եւ 3-րդ կետերով Արցախում եւ իր միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է առավելագույնս անել Արցախում ցեղասպանությունը կասեցնելու եւ այնուհետեւ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար:

Երկրորդ. ՀՀ-ն պետք է անհապաղ կերպով հայտարարի, որ հաշվի առնելով ցեղասպանական քաղաքականությունը եւ հենց ընթացող արյունալի եւ սովամահության կերպով դրսեւորությունը որեւէ կերպ չի պատեկարցնում Արցախի ժողովրդի հպատակեցումը եւ իրավունքների ու անվտանգության պաշտպանությունն ու ապահովումն ադրբեջանական լծի ներքո, հետեւաբար ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն եւ ամեն ինչ անելու է Արցախի ժողովրդի արտաքին ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ առաջ մղման ուղղությամբ: 

Երրորդ. ՀՀ-ն պետք է անհապաղ կերպով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Ֆրանսիայի եւ այլ համախոհ երկրների միջոցով անհապաղ, հրատապ նիստ հրավիրելու եւ գործնական, կոշտ բանաձեւ ընդունելու, որտեղ գործնական միջոցներ կկիրառվեն Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ հստակ պատժամիջոցներ, միջազգային ինտերվենցիայի հնարավորություն թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական, թե՛ հումանիտար, որովհետեւ ակնհայտ է, որ ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներն ընդհանրապես արդեն չեն գործում, նույնիսկ ռազմական առումով:

Չորրորդ. ՀՀ մեր հայրենակիցներին հորդորում եմ՝ բոլոր հնարավոր ձեւերով, այդ թվում՝ զանգվածային ակցիաներով ձեր կամքը դրսեւորեք, որ բոլորդ տեր եք Արցախի ժողովրդին եւ ամեն ինչ անելու եք Արցախի ժողովրդի պաշտպանությունը ապահովելու համար եւ հարկադրելու ՀՀ իշխանություններին իմ նշած քայլերը կատարելու:

Հինգերորդ. ՀՀ մեր հայրենակիցները կարող են ՄԱԿ-ի 5 մշտական անդամ բոլոր երկրների դեսպանատները շրջափակել եւ լրիվ պաշարման ենթարկեն եւ պահանջեն գործնական միջոցներ թե՛ անհատապես, թե՛ հավաքական առումով պաշտպանելու Արցախի ժողովրդին եւ կասեցնելու ցեղասպանությունը:

Վեցերորդ. Սփյուռքի մեր հայրենակիցները բոլոր իրենց երկրներում պետք է մասսայական ակցիաներ անեն, շրջափակեն կառավարությունները, արտաքին գործերի նախարարությունները եւ պահանջեն օր առաջ գործնական քայլեր:

Այլեւս ժամանակ չկա, սա Արցախի վերջի սկիզբն է: Խնդրում եմ՝ բոլորդ արեք ձեր առավելագույնը, ձեր եղբայրներն ու քույրերը, ձեր զավակները, մայրերը մորթվում են այստեղ: Ձեր հայրենիքն ու արժանապատվությունը մորթվում է այստեղ: Ձեր անվտանգությունն ու ինքնությունը մորթվում է այստեղ: Եվ դուք լռո՞ւմ եք այդտեղ: Խնդրում եմ՝ կանգնեք եւ պահանջեք աշխարհից ու Հայաստանի Հանրապետությունից՝ անել առավելագույնը: Հաջորդ ցեղասպանությունը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետությունում»: