կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-18 14:46
Քաղաքական

Կիրո Մանոյանը մեծ հույսեր չունի` հետաքննական մեխանիզմների հետ կապված

Կիրո Մանոյանը մեծ հույսեր չունի` հետաքննական մեխանիզմների հետ կապված

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով` ՀՀ նախագահը ճիշտ արեց, երբ արագ լուսաբանեց հանդիպման մանրամասնությունները /Վիեննայից վերադառնալիս նախագահի հարցազրույցը` ինքնաթիռում -խմբ./, որովհետև այդ կերպ առնվազն մեր հասարակության համար որոշ խնդիրներ պարզ դարձան:

«Երբ համանախագահողների հայտարարությունն էլ համահունչ էր մեր նախագահի ասածներին, արդեն ցույց տվեց, որ իրականում ինչ ձևով են ընթացել այդ բանակցությունները: Ադրբեջանի կողմից լռությունը խոսում է այն մասին, որ նրանք այդքան էլ խանդավառ չեն այդ հանդիպմամբ, և համանախագահները փորձում են սիրաշահել Ադրբեջանին ու սեղանի շուրջ պահել` փորձելով նաև ասել բաներ, որոնք Ադրբեջանի ցանկությունն է: Հայկական կողմը փուլային բանակցություններին դեմ չէ, եթե փուլայինի ընթացքում ճանաչվի ԼՂՀ անկախությունը և այլն, բայց այդպես չէ հարցը. այս առաջարկների շուրջ փուլայինը իսկապես պետք է անընդունելի լինի: Իսկ եթե դա մի կողմ դնենք և նայենք, որ սա իրականում փաթեթային լուծում է, և կիրառումը պետք է լիներ փուլային, այդ դեպքում նույնպես անընդունելի կետեր կան: Օրինակ` երբ ասում են ազատագրված տարածքներ, արդեն անընդունելի է, որովհետև ամբողջ Արցախն է ազատագրված»,- ասաց Մանոյանը:

Ըստ նրա` չի կարելի անհավասար փոխզիջումներ անել, որովհետև եթե փոխզիջման խնդիր է, պետք է համահավասար լինի: Մանոյանը նշեց նաև, որ, առանց ԼՂՀ մասնակցության, ակնկալել, որ ինչ-որ արդյունք պետք է լինի, ճիշտ չէ:

Խոսելով Վիեննայում ձեռք բերված` հետաքննական մեխանիզմների տեղադրման մասին` նա ասաց. «Հետաքննական մեխանիզմները պետք է հստած ճշտվեն, մինչև հիմա ճշտված չեն: Կողմերը պետք է պայմանավորեն, թե ինչ կոնկրետ հետաքննական մեխանիզմներ են լինելու: Վերջերս ուսումնասիրել եմ դիտորդական նման առաքելությունների առօրյա զեկույցները Ուկրաինայի դեպքում և հասկացել, որ հասցեականացված են այնքանով, որ ասում են` այս կողմից կրակ եկավ, բայց որակումներ չեն տալիս: Ակնկալել, որ պետք է դատավորի նման հայտատարեն` դու մեղավոր ես, և մենք պետք է գնդակահարենք բոլորին, այդպիսի բան չի լինի»:

Մանոյանը նշեց նաև, որ պետք է պարզել` հետաքննական մեխանիզմները կոնկրետ ինչ են` մարդի՞կ, թե՞ սարքեր: