կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-22 11:42
Հասարակություն

Չենք կարողացել հասնել հետաքննական մեխանիզմների ներդրմանը. Ադրբեջանը շարունակում է մերժողական կեցվածքը

 Չենք կարողացել հասնել հետաքննական մեխանիզմների ներդրմանը. Ադրբեջանը շարունակում է մերժողական կեցվածքը

Սահմանին հետաքննական մեխանիզմների տեղակայման հետ կապված որևէ նոր բան չկա, Ադրբեջանը չի ցանկանում, որ ներդրվեն այդ մեխանիզմները.լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Ադրբեջանը չի ընդունել այդ առաջարկները: Մենք ակնկալում էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում պետք է լինի շատ ավելի հստակ պահանջ, բայց այդ պահանջների իրականացման համար պետք է լինի կողմերի լիակատար համաձայնություն: Ադրբեջանը չի ընդունել այդ մոտեցումը, առաջարկը: Ցավոք, մենք չենք կարողացել հասնել այն արդյունքին, այն գաղափարի իրականացմանը, որը վերաբերում է հետաքննական մեխանիզմների ներդրմանը»,- ասաց նա:

Հարցին` ադրբեջանական կողմի վերջին շրջանի գործողությունները վկայո՞ւմ են այն մասին, որ հակառակորդը կրկին պատրաստվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների, Նահապետյանը պատասխանեց, որ ապրիլյան գործողությունները և դրան նախորդող ժամանակաշրջանը ցույց են տալիս, որ հակառակորդը ցանկացած ժամանակ կարող է գնալ նման արկածախնդրության, այսինքն՝ ապրիլյան պատերազմից մենք պետք է դասեր քաղենք: «Որոշակի իմաստով զսպող ազդեցություն ունեցավ երևանյան զորահանդեսը, որտեղ ցուցադրվեց ՀՀ զինված ուժերի սպառազինությունը, ռազմական տեխնիկայի միջոցներ, բայց միայն դրա վրա հենվել և ասել, որ կարող է ամբողջապես խափանել նրանց հետագա ռազմական գործողությունները, կլիներ ուղղակի միամտություն: Պետք է բազմաթիվ գործոններ վերլուծել, հասկանալ՝ հնարավո՞ր է ռազմական գործողությունների վերսկսում»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ պետք է բարձրացնել մարտական պատրաստության մակարդակը, ձեռնարկել հետևողական քայլեր, որպեսզի ռազմական կարողություններով պատրաստ լինենք դիմագրավել ցանկացած մարտահրավեր ու սպառնալիք, որոնք այսօր էլ գոյություն ունեն: «Մենք պետք է հասկանանք, որ ոչ մի պարագայում չի կարելի դրան անլուրջ մոտեցում ցուցաբերել»,- անհանգստություն հայտնեց Նահապետյանը: