Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակին շուրջ 3 մլն դրամ է փոխանցվել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ հիմնադրամի՝ 1000plus.am կայքում տեղ գտած տվյալներից:
Հիշեցնենք, որ կինոռեժիսորի մահվանից հետո նրա հարազատները բաց նամակ էին հրապարակել և խնդրել մարդկանց, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել հիմնադրամին:
Կինոռեժիսորը մահացել էր հունիսի 23-ին 71 տարեկան հասակում։
«Ռուբեն Գևորգյանցն իր ամբողջ կյանքում փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր հարազատներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար»,- ասված էր հայտարարության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Գևորգյանցը դեռ տարիներ առաջ էր իր հետ զրույցում խոսել նման նվիրաբերության մասին: «Իմ լավ ընկեր Ռուբեն Գևորգյանցը նույնիսկ մահանալուց հետո կարողացավ քաղաքացիական դիրքորոշման օրինակ հանդիսանալ, մի բան, որի մասին շատ երկար խոսել ենք: Ծաղկեպսակների, ծաղիկների ավանդույթը պետք է փոխարինել նրանով, ինչն աշխարհում վաղուց արվում է, այսինքն` նվիրաբերություններն ուղղել որևէ բարեգործական ուղղության»,- օրեր առաջ լրագրողներին ասել էր նախարարը և տեղեկացրել, որ Գևորգյանցի ընտանիքը հրաժարվել էր նաև հուղարկավորության կազմակերպման համար նախատեսված պետական ծախսերից:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ այսօր կարելի է ասել, որ հիմնադրամը հասել է իր նպատակին: «Ամեն անգամ, երբ այդ գումարներից փոխանցում ենք զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի, ես անհատական նամակ եմ գրում այդ ընտանիքին և տեղեկացնում, որ հիմնադրամի հիմքը, առանցքն այն է, որ այդ գումարը մեր ամբողջ ժողովրդի աշխատանքի արդյունքում է հավաքվել, և որ սա մեր հասարակության վերաբերմունքն է այդ ընտանիքին»,- նշել էր նախարարը:
Վիգեն Սարգսյանտ հայտնել էր, որ հավաքագրված 2 մլրդ 250 մլն-ից կամավոր սկզբունքով հիմնադրամին վճարվել է 38 մլն դրամ, ինչը փոխհատուցումների մեկ քառորդն է: Նա ևս մեկ անգամ պնդել էր իր այն համոզմունքը, որ հիմնադրամը կամավորության սկզբունքով չէր գործի:
Լուսանկարը՝ «Մեդիամաքս»-ի