|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով:
Ելույթ ունեցավ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ հարցը համազգային ու համապետական նշանակություն ունի: Հիշեցրեց ապրիլյան օրերին հասարակության միահամուռ աջակցությունը բանակի խնդիրներին, երբ համեստ հնարավորություններ ունեցողներն անգամ շտապում էին աջակցել:
Պատգամավորը չի կարծում, որ, այս օրինագծի հետ կապված, հասարակությունը կըմբոստանա, կփոթորկվի ու կերկփեղկվի:
«Սիրելինե'րս, թողնենք քննարկումները` հարկ է, թե` տուրք, գուցե վերադառնանք ազգային տուրք գաղափարին, որը շատ երկրներում աշխատել է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Պատգամավորը հավատում է հիմնադրամի թափանցիկությանը: Նա հերքում է այն կարծիքները, թե այս օրինագիծը քաղաքական մեծամասնության կողմից արվող նախընտրական քայլ է: Հակառակը` պատգամավորը դիմեց ընդդիմախոսներին` հորդորելով այս օրինագիծը չքաղաքականացնել:
«Այս վեհ հարցի քննարկման ժամանակ մաղձ ու կասկածամտություն չպետք է լիներ, ազգ-բանակ գաղափարախոսությունը եկեք սկսենք մեզանից: Հարցը վերաբերում է զինվորին, իսկ մենք այս երկու օրը նրա մասին մոռացանք, հիշեցինք բոլոր խնդիրները՝ կոռուպցիա, թալան, պահածո, բյուջե, մատակարար, հիմնադրամ, դղյակներ, բայց մոռացանք սահմանին կանգնածին՝ հերոսաբար ու անձնվեր»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հերմինե Նաղդալյանը հորդորում է իր գործընկերներին` ազգային տուրքի գաղափարը չհամեմատել մուրացկանության հետ, այս օրինագիծը չպետք է կապել թալանի հետ, այլ միմիայն մեր պարտավորության հետ` լուծել զինվորի հարցը: Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի կոչը, որ մեր` քաղաքացիների օգնությամբ կարելի է լուծել դժվար խնդիրները: