կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-10 10:41
Սպորտ

Հայաստան-Մոնտենեգրո. նոր սպասելիքներով

Հայաստան-Մոնտենեգրո. նոր սպասելիքներով

Վաղը` նոյեմբերի 11-ին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ կմրցի Մոնտենեգրոյի հավաքականի հետ, որը վաստակած 7 միավորով Լեհաստանի հավաքականի հետ գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի ընտրանին  անցկացրած 3 խաղերից հետո 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:  Համեմատության համար նշենք, որ ընտրական այս փուլում Եվրոպական  գոտու մրցաշարում միավորներ չեն վաստակել Անդորրայի, Սան Մարինոյի, Մոլդովայի, Լիխտեյնշտեյնի, Կիպրոսի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականները:

Մոնտենեգրոյի հետ խաղին Հայաստանը կներկայանա նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:  Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների 2-րդ լավագույն ռմբարկուն  առաջին անգամ է գլխավորելու մեծահասակների թիմ: Մինչ այդ Արթուր Պետրոսյանը, որպես գլխավոր մարզիչ, հաջողության է հասել շվեյցարական «Ցյուրիխ»-ի` մինչև 18 տարեկանների թիմում` նվաճելով երկրի չեմպիոնի կոչումը:  Պետրոսյանը հավաքականում աշխատելու փորձ արդեն ունի. 2014-2015 թվականներին եղել է հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը:

Մոնտենեգրոյի հետ խաղին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում, նախորդ 2 հանդիպումների համեմատ, փոփոխություններ կան: Եթե նախորդ 2 խաղերում բացակայում էր թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ապա այսօր մեր թիմի առաջատարը կազմ ու պատրաստ սպասում է հանդիպմանը: Հավաքական են հրավիրվել նաև Գևորգ Ղազարյանը, Արթուր Սարկիսովն ու Ռուսլան Կորյանը:  

Ընտրական այս փուլի մեկնարկից առաջ երկրպագուների ոգևորվածությունը մեծ էր, սակայն այն հետզհետե սպառվեց, ինչն ակնառու էր հատկապես Ռումինիայի հետ խաղում, երբ «Հանրապետական»-ի տրիբունաները կիսադատարկ էին:  Վերջին տարիներին դժվար է հիշել ազգային ընտրանու մի հանդիպում, թեկուզև` ընկերական, երբ խաղի նկատմամբ այսչափ անտարբերություն նկատվեր երկրպագուների շրջանում:  Խոշոր պարտությունից 3 օր անց Հայաստանի ընտրանին Լեհաստանում կարող էր հաղթանակի հասնել, սակայն վերջին վայրկյանին, օգտագործելով իր շանսը, Ռոբերտ Լևանդովսկին պատժեց  Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հանդես եկող Հայաստանի հավաքականին:

Մոնտենեգրոյի ընտրանին այս փուլում աչքի է ընկնում թիմային խաղով, համակցված գործողություններով, ինչի վառ արդյունքն է այն, որ հավաքականը գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը:

Ինչևէ, այս խաղում հայ ֆուտբոիլստներն ունեն խնդիր` ապացուցելու, որ ընտրական այս փուլը դեռևս ավարտված չէ մեզ համար, իսկ դրա համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է այս խաղում վաստակել 3 միավոր:   

Պետրոսյանի համար, որպես գլխավոր մարզչի, մեկնարկային խաղում դրական արդյունքի հասնելն, իհարկե, հոգեբանական մեծ ուժ կլինի: Նրան օգնելու են հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռազմիկ Գրիգորյանն ու   Սարգիս Հովհաննիսյանը: Դժվար է գուշակել, թե ինչ մարտավարությամբ հանդես կգա Հայաստանի ընտրանին: Հուսանք, որ երիտասարդ մարզիչներով համալրված մարզչական շտաբը կկարողանա նոր թարմություն հաղորդել մեր թիմին: Հիշենք, որ Պետրոսյանը, որպես հավաքականի գլխավոր մարզիչ, լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ  նշեց, որ փոփոխություններ լինելու են, և դրանք կտեսնենք Մոնտենեգրոյի հետ խաղում: 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ