կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-10 15:21
Սպորտ

Հայաստան-Մոնտենեգրո. կանխատեսում են մարզական լրագրողները

Հայաստան-Մոնտենեգրո.  կանխատեսում են մարզական լրագրողները

Վաղը` նոյեմբերի 11-ին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ԱԱ-2018-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը: Նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ` Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ կմրցի Մոնտենեգրոյի հավաքականի հետ: Yerkir.am-ը ներկայացնում է մարզական լրագրողների կանխատեսումներն այդ խաղի վերաբերյալ:

Ռոբերտ Գասպարյան (Vivaronews.am)

Առաջիկա հանդիպումը Հայաստանի հավաքականի համար, իմ կարծիքով, ունի ճակատագրական նշանակություն: Եվ դա ֆուտբոլիստները գիտակցում են: Նախ` նոր գլխավոր մարզիչ, ավելի ճիշտ` «հին-նոր»: Արթուր Պետրոսյանին ճանաչում է ցանկացած հայ ֆուտբոլասեր, իսկ երիտասարդ ֆուտբոլիստների համար նա եղել է հայկական ֆուտբոլի մարմնացումը: Հիմա, նրա գլխավորությամբ, տղաները դուրս են գալու խաղադաշտ: Համոզված եմ` այսօր առավել, քան երբևէ տղաները պայքարելու են հաղթանակի համար: Բացի դրանից` թիմը վերջին 3 տարիների ընթացքում պաշտոնական խաղերում ոչ մի հաղթանակ չի տարել, ուստի վաղը Հայաստանի հավաքականը հաղթելու է Մոնտենեգրոյի հավաքականին:

Ռաֆայել Խալաթյան (Armfootball.com)

Այս խաղում դժվար է ինչ-որ կանխատեսումներ անել, քանի որ մեր հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, ու դեռ պարզ չէ, թե ինչ է սպասվում մեր ընտրանուն` Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Մեր թիմն այժմ հանելուկ է նույնիսկ մեզ համար, այնպես որ` կանխատեսումներ անելը դժվար է: Հետաքրքիր կլինի հետևել հավաքականի գործողություններին` նոր մարզչական շտաբի ղեկավարությամբ: Արթուր Պետրոսյանը, Ռազմիկ Գրիգորյանն ու Սարգիս Հովհաննիսյանը երիտասարդ մասնագետներ են ու կարող են նոր մտքերով թարմություն տալ հավաքականին:

Մոնտենեգրոյի ընտրանին, իր հերթին, շատ լավ է մեկնարկել ընտրական փուլում: Նրանց կազմը լավ ֆուտբոլիստներով է համալրված, ունեն ընդգծված առաջատար` Յովետիչը, ով, ճիշտ է, խաղաժամանակի հետ կապված խնդիրներ ունի Միլանի «Ինտեր»-ում: Բայց Մոնտենեգրոյի ընտրանին առանձնանում է թիմային խաղով, ինչի շնորհիվ էլ կարողացել է փայլուն մեկնարկ ունենալ այս ընտրական փուլում:

Անկախ ամեն ինչից` Մոնտենեգրոյի հավաքականը ֆավորիտ է, բայց, հուսով եմ, մեր ընտրանին կարող է փչացնել նրանց տրամադրությունը: Հաշիվ ու ելք չեմ կարող կանխատեսել, բայց ակնկալում եմ լավ հանդիպում Հայաստանի հավաքականի ու հատկապես` նրա առաջատար Հենրիխ Մխիթարյանի կողմից: Եթե ստացվեց, ապա մեր թիմն ի զորու է նույնիսկ հաղթել խմբի առաջատարին:

Վերա Մարտիրոսյան (News.am)

Իրականում մեզ այս հաղթանակն ավելի պետք է, քանի որ արդեն կարելի է ասել, որ ընտրափուլը գրեթե տանուլ տված է: Նոր մարզիչը տղաների մոտ բերել է նոր ոգևորություն, ի տարբերություն նախկին մարզչի: Մոնտենեգրոն հիանալի է սկսել մրցափուլը: Միայն մեկ գնդակ է բաց թողել: Մոնտենեգրոյի հավաքականի գիտակ չեմ, բայց չի կարելի ասել, որ կազմով գերհզոր թիմ է, ավելի շատ թիմային խաղ խաղացող հավաքական է: Եթե դաշտի կենտրոնը կարողանանք պահել մեր ձեռքերում, հնարավոր է և հաղթենք, քանի որ նրանց թույլ օղակը հենց կիսապաշտպանությունն է: Իհարկե, միշտ մեր թիմին հաղթանակ ենք մաղթում, բայց իրատես եթե լինենք, կարծում եմ` հյուրերի հաղթանակի հավանականությունը մեծ է: 1-2 կամ 1-3 հաշիվ եմ կանխատեսում:

Գևորգ Բուռնուչյան (Ֆուտբոլ 365)

Սպասելիքներս՝ Պետրոսյանը իր առաջին քայլերն է սկսում` որպես մեծահասակների թիմի գլխավոր մարզիչ, եւ պետք է ժամանակ տալ  ու սպասել: Այս ընտրական փուլից, մարզական առումով, լուրջ ակնկալիքներ արդեն չկան, և պետք է զբաղվենք նոր թիմի ստեղծմամբ: Արդյունքի առումով՝ կանխատեսումներ անել չեմ սիրում, ուղղակի ցանկություն` մենք պետք է դրական արդյունքի հասնենք Չեռնոգորիայի հետ խաղում:

Խաչիկ Չախոյան (Հ2 հեռուստաընկերություն)

Ես համոզված եմ, որ, առաջին հերթին, մեր հավաքականը մեծ նվիրումով է խաղալու: Երեք պարտություններից հետո մենք նահանջելու տեղ չունենք, բացի այդ էլ` նոր մարզչին ինչ-որ բան ապացուցելու կարիք ունեն ֆուտբոլիստները: Մեր հավաքականի խաղում մեծ փոփոխություններ չեմ սպասում, բայց փոփոխություն հաստատ կլինի: Արթուր Պետրոսյանը աստիճանաբար իր խաղային ձեռագիրն է ներդնելու հավաքականի խաղի մեջ: Խաղը հաստատ դժվարին է լինելու երկու կողմերի համար էլ: Շատ եմ ուզում ու հավատում եմ, որ մեր թիմը չի պարտվելու: Մոնտենեգրոյի հավաքականը շատ լավ է մեկնարկել այս մրցաշարում, ու թիմը վերելք է ապրում: Բայց նրանք ուսումնասիրել են մեր հավաքականի այն խաղերը, որոնց ժամանակ մարզիչը Վարուժան Սուքիասյանն էր, իսկ հիմա Արթուր Պետրոսյանը թեկուզ ոչ մեծ, բայց խաղային որոշակի փոփոխություններով կարող է անակնկալ մատուցել: Այս ամենին գումարած` Հենրիխ Մխիթարյանի գործոնը: Մեր թիմի առաջատարն էլ բոլորին ապացուցելու է, որ չնայած երկար ժամանակ է, ինչ խաղային պրակտիկայից զրկվել է, միևնույն է, կարող է և ունակ առաջ տանել իր խաղընկերներին:

Սենիկ Կարա-Պողոսյան (Հ2 հեռուստաընկերություն, «Պրոֆֆուտբոլ» հաղորդման հեղինակ)

Հայաստանի հավաքականի խաղից սպասելիքներս, ինչպես միշտ, առավելագույնն են: Այլ կերպ չի կարող լինել: Արթուր Պետրոսյանից եւ, առհասարակ, մարզչական շտաբից սպասելիքներս մեծ են: Երեք պայծառ ուղեղների աշխատանքը պետք է, որ աննկատ չմնա: Չեռնոգորցիների հետ կայանալիք խաղն էլ լուրջ քննություն է նրանց համար: Մտավախությունս այն է միայն, որ, ի տարբերություն մեր հավաքականի կորիզ կազմող տղաների, Բալկանների առաջատարները խաղային պրակտիկա ունեն եւ բավականին լավ մարզավիճակում են: Ստեֆան Սավիչը, Նիկոլա Վուկչեւիչը, Ստեւան Յովետիչն ու մյուսներն ամեն շաբաթ մեր աչքի առաջ են: Իհարկե, ցանկալի կլիներ Ռումինիայից եւ Դանիայից 4 միավորով իրենց հայրենիք վերադարձած չեռնոգորցիներին առավելագույնս տխրեցնել, սակայն կարծում եմ` ոչ-ոքի կարձանագրվի: Գոլեր էլ կտեսնենք անպայման:

Արման Առաքելյան (Armsport.am)

Ազգային հավաքականի հերթական հանդիպումը. հերթականը փոքր-ինչ հարմար չէ այս պարագայում, քանի որ Չեռնոգորիայի հետ խաղը մի շարք առումներով կարևոր է բոլորիս համար: Չհիասթափվելու լավ նախադրյալներ կան` նոր մարզիչ, վերականգնված Հենրիխ Մխիթարյան և, ամենակարևորը, վերափոխված մթնոլորտ: Արթուր Պետրոսյանի առաջին անելիքը ֆուտբոլիստներին ըստ պատշաճի տրամադրելն է:

Ինչքան էլ գիշերը երկար լինի, միևնույն է` լույսը բացվելու է: Այս հանգամանքը ստիպում է մեծ հույսեր ունենալ 3 պարտությունների հետո, այն էլ` տնային խաղում: Հույսը` հույս, բայց ամեն ինչ որոշվելու է խաղադաշտում, կարևոր է ընդգծել, որ բավականին բարդ մրցակցի հետ պայքարում: Մի շարք գործոններ են առաջ են եկել` մեծացնելով սպասումներն այս խաղից: Կարծում եմ` Հայաստանի հավաքականը դրական արդյունք է գրանցելու:

Դավիթ Գալստյան

Բնականաբար, հավաքականի ֆուտբոլիստների վատ մարզավիճակն ու մրցակցի ուժեղ լինելու գործոններն առկա են, ու դրանք մտահոգիչ են: Սակայն հավաքականում կատարված վերջին փոփոխություններն ինչ-որ դրական թարմություն են մտցրել: Նոր մարզչական շտաբին, կարծում եմ, կհաջողվի ստեղծված լավ մթնոլորտի շնորհիվ առավելագույնը քաղել ներկայումս իրենց տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից: Իրենց ակումբներում խաղաժամանակի խնդիրներ ունեցող ֆուտբոլիստներն էլ, բացի հավաքականին առաջին միավորները բերելուց, հանդիպումը կարող են օգտագործել միջազգային մակարդակում իրենց մասին բարձրաձայնելու համար: Բացի այդ` վատ հանդիպումներ ունենում է նույնիսկ Բրազիլիայի հավաքականը, և Մոնտենեգրոն չի կարող հավերժ լավ խաղալ, և մեկ անհաջող երեկո կարող է նրանց հետ էլ պատահել: Այս ամենը հաշվի առնելով` կարել է հուսալ, որ դա կլինի հենց ուրբաթ երեկոյան: