կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 15:30
Տարածաշրջան

Մամուլի ազատության միջազգային կոալիցիան պահանջում է Անկարայում անհապաղ ժողով անցկացնել

Մամուլի ազատության միջազգային կոալիցիան պահանջում է Անկարայում անհապաղ ժողով անցկացնել

Մամուլի ազատության միջազգային կոալիցիան աջակցություն է հայտնել Թուրքիայի «Cumhuriyet» թերթի ձերբակալված լրագրողներին և դատապարտել մամուլի դեմ կիրառվող բռնությունները: Կոալիցիան ներառում է աշխարհի ավելի քան 150 երկիր ներկայացնող 14 մեդիա կազմակերպություն. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ թեմայի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես եկած կազմակերպությունները նշել են, որ «Cumhuriyet»-ի լրագրողներ Քադրի Գյուրսելի և Մուրաթ Սաբունջուի ձերբակալությունը խոր մտահոգություն է առաջացրել աշխարհի լրագրողների մոտ: Նրանք ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս երկու լրագրողները Վիեննայում տեղակայված Մամուլի միջազգային ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ են:

Կոալիցիան հիշեցրել է, որ, բացի վերջին օրերին հարձակման ենթարկված «Cumhuriyet» թերթից, Թուրքիայում օրերս փակվել են նաև 15 մեդիա կազմակերպություններ, իսկ ճաղերի հետևում գտնվող լրագրողների թիվն անցել է 140-ից:

Մամուլի ազատության միջազգային կոալիցիան նոյեմբերի 2-ին նամակներ է ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, արդարադատության նախարար ԲԵքիր Բոզդաղին և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին: Նամակով կոալիցիան, մասնավորապես, թույլտվություն է խնդրել Թուրքիայում հապշտապ նիստ գումարելու համար:

Նշենք, որ Մամուլի ազատության միջազգային կոալիցիայի ներկայացուցչական պատվիրակությունը վերջին անգամ 2 տարի առաջ էր ժողով գումարել Անկարայում: Այդ ժամանակ պատվիրակությունը հանդիպումներ էր ունեցել նաև նախագահ Էրդողանի, նախարար Բոզդաղի և ժամանակի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:

Նշենք, որ Մամուլի ազատության կոալիցիայում, բացի Վիեննայի ինստիտուտից, տեղ են գտել նաև այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են  «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ), «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը, «Լրագրողների միջազգային ֆեդերացիան» (IFJ), «Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ), «Article 19»-ը, «Index on Censorship»-ը, «Ethics journalism network» (EJN), բանաստեղծների և արձակագիրների «Միջազգային PEN» կազմակերպությունը, «Լրագրողների և հրատարակիչների համաշխարհային ֆեդերացիան» (WAN-IFRA), «Հարավարևելյան Եվրոպայի մեդիակազմակերպությունը» (SEEMO), «Խոսքի ազատության պաշտպանության միջազգային ասոցիացիան» IFEX,  «Եվրոպայի լրագրողների միությունը» (AEJ) և «Եվրոպայի մամուլի և մեդիայի ազատության կենտրոնը»  (ECPMF).

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի 13 աշխատակից ձերբակալվել էր հոկտեմբերի 31-ին՝ «Գյուլենական համայնքի» օգտին հանցավոր գործունեություն ծավալելու մեղադրանքով: Այս հանգամանքը հարուցել է թե' Թուրքիայում գործող զանազան կազմակերպությունների, թե 'միջազգային կառույցների ու հանրության բուռն դժգոհությունն ու տարբեր հարթակներից Թուրքիային ուղղված պարբերական քննադատությունների տեղիք տվել: