կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-03 11:20
Հասարակություն

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է

Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է: 1993 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով այս օրը հռչակել է որպես Մամուլի ազատության միջազգային օր: 

Մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ 1991 թվականի այդ օրը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել խոսքի և մամուլի ազատությունը: Հռչակագիրն ընդունում էր, որ ազատ և անկախ մամուլի առկայությունը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում:

1993 թվականի հռչակագրի ընդունումից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու համաշխարհային արշավ։ Մամուլի ազատության հարցում միջազգային համագործակցության էական նվաճումներից մեկը Լրագրողների անվտանգության ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրն է, որին միացել են ՄԱԿ-ի կառույցների բոլոր ղեկավարները։

Մամուլի ազատության օրը առիթ է տեղեկացնելու քաղաքացիներին մամուլի ազատության նկատմամբ բռնությունների մասին, հիշեցում, որ աշխարհի տասնյակ երկրներում հրատարակությունները գրաքննվում, տուգանվում, կասեցվում և փակվում են, իսկ լրագրողները, խմբագիրները և հրատարակիչները հալածվում են, հարձակման են ենթարկվում, կալանավորվում և նույնիսկ սպանվում են:

Մայիսի 3-ի հիմանական նպատակն է նշել մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, գնահատել մամուլի ազատությունը ամբողջ աշխարհում, պաշտպանել լրատվամիջոցներին հարձակումներից, հարգանքի տուրք մատուցել լրագրողներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը աշխատանքային պարտականությունները կատարելիս: