Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ. հուլիսին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի ծառայող Դավիթ Փերիխանյանը հատուցել է լրագրողին պատճառված վնասի որոշ մասը: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով ընթացքող հերթական դատական նիստի ժամանակ:
Նշենք, որ Փերիխանյանը կոչումով փոխգնդապետ է, ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ:
Ամբաստանյալը, որի նկատմամբ, որպես խափանման, միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, դատարանին ներկայացրեց դատարանի դեպոզիտի հաշվին 870.000 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: Այս կապակցությամբ նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ ամբաստանյալը «մի բան էլ ավելի է վճարել» մեղադրանքում ներկայացված վնասի փոխհատուցման համար:
Մինչդեռ` տուժող կողմի ներկայացուցիչը նշեց, որ ամբաստանյալներից պահանջում են 5.480.000 ՀՀ դրամ , որից 2 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, 2.270.000-ը՝ ոստիկանի կողմից կոտրված «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ին պատճառված նյութական վնասի փոխհատուցում, իսկ 1.218.000-ը` փաստաբանական ծառայություների գումար:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ հիշյալ ՀԿ-ին պատճառվել է 485 հազար դրամի գույքային վնաս, մինչդեռ ապրանքագիտական փորձաքննությամբ հիմնավորվել է, որ ՀԿ-ի առցանց հեռուստաընկերությանը պատկանող` «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկի շուկայական գինը մոտ 870.000 դրամ է , որն էլ, ինչպես վերը նշեցինք, ամբաստանյալն արդեն վճարել է:
Նշենք, որ այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը հայտնեց, որ կողմ է արագացված դատական քննության կարգ կիրառելուն: Գործով 4 ոստիկան-ամբաստանյալներն էլ իրենց հերթին հայտնեցին, որ ընդունում են առաջադրված մեղադրանքը և կողմ են արագացված դատական քննության կարգ կիրառելուն:
«Ճի'շտ այդպես»,- արագացված դատաքննության կարգ կիրառելու վերաբերյալ դատավորի հարցին ի պատասխան, ասաց ոստիկանության զորքերի փոխգնդապետ-ամբաստանյալը:
Արագացված դատաքննության դեմ չառարկեց տուժող` ֆոտոլրագրող Հայկ Բադալյանը՝ նշելով, որ ամբաստանյալներից որևէ պահանջ չունի:
Տուժողների ներկայացուցիչը, սակայն, առարկեց արագացված դատաքննություն կիրառելու միջնորդության դեմ՝ նշելով, որ նախաքննական մարմինն արհեստականորեն մեղմացրել է Դավիթ Փերիխանյանին առաջադրված մեղադրանքը, բացի այդ` ամբողջությամբ փոխհատուցված չէ «Ուտոպիա.ամ» ՀԿ-ին պատճառված նյութական և բարոյական վնասը: Նա նշեց, որ իր առարկությունները կներկայացնի հաջորդ դատական նիստում՝ գրավոր:
Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց նոյեմբերի 14-ին:
Նշենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը, Կոստան Բուդաղյանը, Դավիթ Փերիխանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015թ. հունիսի 23-ին Ազատության հրապարակում խոչընդոտել են «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի մասնագիտական օրինական գործունեությանը և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքին, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանի մասնագիտական օրնական գործունեությանը, ինչպես նաև Աշոտ Բոյաջյանի, լրագրող Արթուր Պապյանի մասնագիտական օրինական գործունեությանը: