Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների՝ նվազեցմանը միտված վերանայման հայտով դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ըստ այդ հաղորդագրության՝ մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր գազի սակագինը գործող 146700 դրամի փոխարեն առաջարկվելու է սահմանել 139000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ ընտանեկան կամ սոցիալական ստացող սպառողների համար տարեկան մինչև 600 խ/մ գազի սպառելու դեպքում՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խ/մ-ի սակագինը, ներառյալ ԱԱՀ-ն, կկազմի 100000 դրամ:
Փոփոխություններ են նախատեսվում նաև տնտեսվարող սուբյետկներին՝ մասնավորապես ջերմոցային տնտեսություններին և գյուղատնտեսական մթերքների վերամշակման ձեռնարկություններին մատակարարվող գազի սակագներում:
«Գազպրոմ-Արմենիա»-ն չի պարզաբանել, թե կոնկրետ երբ կդիմի հանձնաժողովին և սակագների փոփոխությունը երբվանից կհաշվարկվի: Սակայն, քանի որ այդ մասին հայտարարվում է նոյեմբերի հենց սկզբին, պետք է ենթադրել, որ այն կսկսի գործել սկսած եթե ոչ նոյեմբերից, ապա գոնե դեկտեմբերից, ինչը մոտեցող ձմռանն ընդառաջ,իհարկե, շարքային ու հատկապես սոցիալապես անապահով սպառողների համար կարևոր է: Ըստ էության՝ այն ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական նշանակության քայլ է, քանի որ սակագնի որոշման տարբերակված սկզբունքի կիառումն ակնայտորեն ուղղված է գյուղատնտեսության խթանմանը, գյուղատնտեսական մթերքների, վերամշակված արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը և հետևաբար ռուսական շուկաներում դրանց մրցունակության բարձրացմանը:
«Գազպրոմ-Արմենիա»-ի այս քայլն ակնհայտորեն ունի քաղաքական պաստառ, ընդ որում՝ միանգամից մի քանի «գույնով»: Նախ՝ պետք է նկատել, որ այն փաստացի վարչապետ Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո տրված հենց առաջին հանձնարարականի կատարումն էր: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին կառավարության նիստում նա Հանրային ծառայոությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարել էր քննարկել գազի և էլեկտրաէներգիայի սակագնի որոշման սկզբունքները վերանայելու հնարավորությունը:
«Մաքսիմալ նվազեցնել սակագինը սոցիալապես անապահով խավի համար` ի հաշիվ այլ սպառողների: Ապահովել առանձին սակագին բիզնեսի որոշ ճյուղերի՝ գյուղատնտեսության, վերամշակող արտադրության համար, և այս ամենը անել ոչ ի հաշիվ բյուջեի», - ասել էր վարչապետը: Եվ այն առաջարկությունը, որը հիմա անում է «Գազպրոմ-Արմենիա»-ն ամբողջությամբ համապատասխանում է նրա այդ հանձնարարության էությանը և անգամ յուրաքանչյուր տառին: Բայց ուշագրավն այստեղ այն է, որ չնայած նա հանձարարականը տվել էր նախարարություններին և ՀԾԿՀ-ին, բայց այդ մասին հայտարարում է «Գազպրոմ-Արմենիա»-ն, որից, իրականում բացառապես կախված էր նման որոշման կայացումը: Սա հետապնդում է երկու հեռահար նպատակ:
Առաջին՝ «Գազպրոմ-Արմենիան» կատարելով վարչապետի անուղղակի հանձնարարականը, նաև հասարակության մոտ ամրապնդում է այն համոզմունքը, որ Կարապետյանը ոչ միայն խոսքի, այլև իսկապես գործի մարդ է և որ նա կատարում է իր տված խոստումները: Սա ուղղված է Կարապետյանից հանրային էլ ավելի մեծ սպասելիքներ առաջացնելուն, անձամբ նրա և նրանով պայմանավորված իր կաբինետի նկատմամբ հանրային վստահությունն ու հավատը վերականգնելուն, որը լուրջ քաղաքական կապիտալի «ներդրում» է ՀՀԿ-ի համար:
Երկրորդ՝ ըստ էության «Գազպրոմ-Արմենիան» այս քայլով էականորեն ամրապնդում է վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերը՝ ընդառաջելով նրան որդեգրած տնտեսական քաղաքականության իրականացման հարցում: Պետք է նկատի ունենալ, որ այս որոշումը փաստացի հրապարակվեց ոուսական գազային հսկայի՝ «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի՝ Հայաստան կատարած այցից հետո, և որոշումն ակնհայտորեն թելադրված էր հենց նրա և «Գազպրոմ»-ի կողմից: Բայց սա ոչ թե պետք է դիտարկել որպես իր արժեքավոր նախկին մենեջերի նկատմամբ՝ «Գազպրոմ»-ի և Միլլերի կոմղից դրսևորվող անձնական աջակցություն, այլ քաղաքական աջակցություն ընդհանրապես Ռուսաստանի կողմից: Այլ կերպ ասած՝ այս որոշման տակից պարզորոշ երևում են Կարապետյանի քաղաքական դիրքերը Հայաստանում ամրապնդելու Կրեմլի շահագրգռության «ականջները»: Ըստ էության՝ սրանով հասկանալի է դառնում, որ Կարապետյանը նախընտրելի «միջնորդ» է Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերություններում: Պատահական չէ, որ հենց Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո են սկսվում «Գազպրոմ-Արմենիա»-ի անմիջական ներգրավմամբ Իրանից գազ գնելու և թերևս, Վրաստանին վերավաճառելուն ուղղված գործընթացները, որոնք անհավանական էին թվում ընդամենը ամիսներ առաջ:
Սա նաև կարող է բացատրել այն արտաքին քաղաքական դրդապատճառները, թե ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի հարցում կանգ առավ հենց Կարեն Կարապետյանի թեկնածության վրա և հենց նա նշանակվեց այդ պաշտոնում՝ փոխարինելով իշխանության համակարգային հենասյուներից մեկը հանդիսացող Հովիկ Աբրահամյանին:
Ընդ որում՝ պետք է նկատել, որ ռուսական կողմից այս «ներդրումը» արվում է նվազագույն «շրջանառու միջոցների» կորստով: Խնդիրն այն է, որ գազի սակագնի փոփոխությունը տեղի չի ունենում Ռուսաստանից գնվող գազի գնի հաշվին: Սահմանին գնվող գազի սակագնի փոփոխության մասին ոչ մի տեղեկություն չկա: Փաստացի սա տեղի է ունենում «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից ստացվող գերշահույթների հաշվին, որը մի յուրատեսակ աճպարարական եղանակով ու հիմնավորումներով գազը սպառողին էր հասցնում գրեթե կրկնակի ավելի թանկ գնով, քան վճարվում է «Գազպրոմ»-ին՝ սահմանի վրա: Ով-ով, բայց Կարեն Կարապետյանը շատ լավ գիտի, թե որքան է կազմում ընկերության գերշահույթը, և թե ցանկության դեպքում սակագինը որքան իջեցնելու ռեսուրս ունի այն:
Գևորգ Դարբինյան