Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի ընտրությունը պետք է դիտարկել ոչ այնքան Արցախ – Սփյուռք կապերի վերականգնման և ամրապնդման տեսանկյունից, որքան ռուսական կողմի՝ Արցախի հարցում դիրքորոշման կոշտացմամբ, որովհետև Արցախի ԱԺ նախկին նախագահը չէր հանդիսանում այն գործիչը, ով կարող էր արմատական դիրքորոշում դրսևորել Արցախի ապագայի վերաբերյալ՝ ի տարբերություն նորընտիր նախագահի, ով ընտրվելուց առաջ՝ իր նախընտրական ելույթում նշեց՝ ոչինչ ավարտված չէ, վերադառնում ենք 1988 թ.-ի շարժման նպատակին, իսկ այդ նպատակը մեկն էր՝ Արցախի անկախացումն ու միավորումը Մայր Հայաստանին,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով Արցախի ԱԺ-ի նորընտիր ղեկավարի թեմանին։
Բանախոսը նկատում է՝ Դավիթ Իշխանյանն իր ելույթում անդրադարձել է մի շարք կարևոր կետերի.«Նորընտիր նախագահի կողմից խիստ կարևոր անդրադարձ էր Արցախի պետական մարմինների և Պաշտպանության բանակի ամրապնդման անհրաժեշտությունը, որոնց լուծարումն է պահանջում Ադրբեջանի ղեկավարն ու ինչին, չերևացող կերպով, աջակցում է ՀՀ վարչապետը։ Այսինքն՝ Ադրբեջանը պահանջում է Արցախի պետական համակարգի լուծարումն ու Արցախի ինտեգրացումն Ադրբեջանին, իսկ ՀՀ ղեկավարը, փաստացի, ճանաչելով Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, չի դիմադրում Արցախի Հանրապետության պետական կառույցների լուծարմանն ուղղված կոչերին»,- ասում է քաղտեխնոլոգը։
Արցախի Ազգային Ժողովի նորընտիր նախագահն, ըստ բանախոսի, պահանջում և պնդում է ՝ լուծարում չի լինելու, ընդհակառակը՝ Արցախում օրենսդրական ճանապարհով ամրապնդվելու են պետական մարմինների գործառույթները.«Այս ամենը չէր կարող լինել առանց ռուսական կողմի պահանջի, որովհետև երբ նայում ենք քվեարկության արդյունքերին, տեսնում ենք, որ բացի Ազգային Ժողովում Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցության 9 անդամների, մնացյալ բոլոր պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Դավիթ Իշխանյանի թեկնածության օգտին։ Այստեղ բավականին հետաքրքիր կոնֆիգուրացիա է առաջացել, որովհետև ինչպես Արցախի նախագահն, այնպես նաև Ազգային Ժողովի նախագահը ժողովրդի կողմից, ուղղակիորեն, ընտրված ներկայացուցիչներ են, ովքեր ներկայացնում են Արցախի քաղաքացիների դիրքորոշումը»,- ասում է Արմեն Բադալյանը։
Ստացվում է, որ ռուսական կողմն Արցախի Հանրապետությունը փորձում է կրկին քաղաքական ինքնուրույն սուբեկտի վերածել, ասում է քաղտեխնոլոգն ու հավելում.«Իհարկե այս ամենի ածանցյալ կոնտեքստն Արցախ – Սփյուռք հարաբերությունների սերտացումն է լինելու, որովհետև, արդեն իսկ, Դաշնակցական Բյուրոյի բարձրագույն ղեկավարությունը հայտարարեց, որ աշխարհով մեկ սփռված դաշնակցական ողջ կառույցը աջակցելու է Արցախի Ազգային Ժողովին և կոչ է անում համախմբվել ԱԺ-ի շուրջը։ Հիմնական էֆեկտն, իհարկե, մնում է արցախյան հարցում ռուսական կողմի դիրքորոշման կոշտացումը։ Այլ կերպ ասած, Դավիթ Իշխանյանի ընտրությամբ, Արցախի ինտեգրման ադրբեջանական երազանքի վրա շլագբաում է իջեցվում»,- ամփոփելով զրույցն, ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Աղբյուր` Փաստինֆո