կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 15:00
Տնտեսական

Կենտրոնական բանկը՝ դրախտ դժոխքի մեջ

Կենտրոնական բանկը՝ դրախտ դժոխքի մեջ

Այսօր ԱԺ-ում 2017թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց ԿԲ մասով բյուջեի նախագիծը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նրան հարց ուներ, որը վերաբերում էր դոլար-դրամ փոխարժեքին: Պատգամավորի խոսքով՝ դոլարի փոխարժեքն անընդհատ աճում է, այժմ էլ անցնում է 470 դրամի սահմանը: «Ի՞նչ նոր շոկեր են սպասվում փոխարժեքի տատանումներում, տեսնո՞ւմ եք, արդյոք, ռիսկեր, որքանո՞վ է փոխարժեքի կուրսն ազդում արտահանման ծավալների վրա»,- հարցրեց նա:

Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր նաև, թե ինչո՞ւ են վարկավորման ծավալները զիջում ավանդների ծավալին, և արդյո՞ք կա բանկերի վարկունակության հետ կապված խնդիր:

Երիցյանը շոկերի վերաբերյալ կարճ պատասխանեց, ըստ նրա` ամեն ինչ անկանխատեսելի է: Ինչ վերաբերում է փոխարժեքին, նա կարծիք հայտնեց, որ չի կարելի ասել, որ փոխարժեքի որևէ մակարդակ օգնում է արտահանմանը կամ չի օգնում, որովհետև կարևորն այն է, թե որքանով է արտահանվող ապրանքի գինը մրցունակ: «Արտահանման պոտենցիալը ոչ թե գնային, այլ արտադրողականության հետ է կապված»,- ասաց Երիցյանը:

Բանկերի վարկունակության վերաբերյալ նա նշեց, որ վարկունակությունն էլ է աճել, հատկապես` վերջին 8-9 ամիսների ընթացքում, և վարկավորումը քիչ չափով է զիջում ավանդների ծավալին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նույնպես հարց ուներ: Պատգամավորն անդրադարձավ ԿԲ-ի ուռճացված աշխատակազմին, ճոխ ծախսերին ու ճոխ աշխատավարձերին` ասելով, որ համատարած աղքատության, թշվառության, սոցիալական հազար ու մի խնդիրների պարագայում նման ծախսերն անընդունելի է: Օրինակ, ըստ պատգամավորի, ԿԲ-ն 20 հազար դոլար է ծախսել ամսագրեր ձեռք բերելու համար:

«Դժոխքի մեջ դրախտ լինեք ոնց որ: Նայում ենք ԿԲ-ի կատարած հսկայական հեռախոսավարձերի ծախսերը, 820 հոգու աշխատավարձերը` միջինը 600 հազար դրամ, այս ընդհանուր թշվառության ֆոնին չի կարելի էսպես»,- ասաց Արամ Մանուկյանը:

ԿԲ նախագահի տեղակալն էլ պատասխանեց, որ տարբեր գնահատողներ ԿԲ-ի աշխատանքներն ու կատարած ծախսերը գնահատում են օրինակելի, և որ ԿԲ-ն պատրաստ է խոսել արդյունավետության ցուցանիշներով: Ինչ վերաբերում է ամսագրերի վրա 20 հազար դոլար ծախսելուն, ապա, ըստ Երիցյանի, մասնագիտական գրականությունը թանկ արժե, և դրանից չօգտվելը կնշանակի լինել հետամնաց:

«Այն բյուջեն, որ մենք ունենք, պրոֆեսիոնալ է ու արդյունավետ, մեր ծախսերը բավական զսպված են: Օրենքը թույլ է տալիս, որ բանկային արդյունավետ աշխատողների համար աշխատավարձը լինի բարձր, մինչդեռ առևտրային բանկերի աշխատավարձերի ու ԿԲ աշխատավարձերի անջրպետն ավելանում է, դա ճիշտ չէ»,- կարծիք հայտնեց Երիցյանը:

Նա հավելեց, որ ԿԲ-ի գործունեությունը պարբերաբար ենթարկվում է աուդիտի աշխարհի առաջատար ընկերությունների կողմից, ինչը լուրջ երաշխիք է, որ ԿԲ-ի գործունեությունը գնահատվի թափանցիկ: «Չեմ կարծում, որ ԿԲ-ի որակը գցելը բխում է մեր քաղաքացիների շահերից»,- ասաց Երիցյանը: