կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 14:50
Տնտեսական

Կենտրոնական բանկը 2014 թվականին պետք է ցուցաբերի առավել բարձր ճկունություն

Կենտրոնական բանկը 2014 թվականին պետք է ցուցաբերի առավել բարձր ճկունություն

Կառավարությունն այսօր հաստատեց Կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության  ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը: ԿԲ-ի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի' իրականացվելիք դրամավարկային քաղաքականության ծրագրի համախառն պահանջարկը նկարագրող հատվածում նշվում է, որ կանխատեսվող հորիզոնի սկզբում մասնավոր ծախսումների բացասական ճեղքվածքը 2014 թվականի վերջում կզրոյանա: Այդ կապակցությամբ ֆինանսների նախարարը հարկ համարեց նշել, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությունը աճել է 3.3 %-ով, որին դրական են նպաստել  գյուղատնտեսությունը (1.5 տոկոսային կետ), ծառայությունները (1.5), առևտուրը (0.9), շինարարությունը (0.1), բացասական՝ արդյունաբերությունը (-0.7 տոկոսային կետ):

 

«Հաշվի առնելով նկարագրված իրավիճակը, ինչպես նաև արտաքին աշխարհից եկող փաստացի բացասական զարգացումները, մասնավորապես` պղնձի գների անկումը միջազգային շուկայում և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, 2014 թվականին ՀՆԱ իրական աճի 5.8 տոկոս կանխատեսման սցենարը խիստ լավատեսական ենք համարում: Այս պայմաններում գտնում ենք, որ 2014 թվականին մասնավոր ծախսումների և ՀՆԱ ճեղքը կշարունակի մնալ բացասական, և հետևաբար, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը պետք է ցուցաբերի առավել բարձր ճկունություն տնտեսական ակտիվության խթանման ուղղությամբ»,- նշեց Գագիկ Խաչատրյանը:

 

Անդրադառնալով դրամավարկային քաղաքականության ծրագրում պարբերաբար նշվող հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությանը` որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի և գնաճի վրա ազդող նշանակալի գործոն, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գնահատվում է 1.5 տոկոս խթանող, ֆինանսների նախարարը նշեց, որ, ըստ ֆինանսների նախարարության գնահատականի, 2014 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական աճի վրա  կունենա 0-0.5 տոկոս խթանող ազդեցություն:

 

«Հաշվի առնելով վերը նշվածը' կարծում ենք, որ հարկաբյուջետային քաղաքականության 2014 թվականի ազդեցությունը' որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի և գնաճի վրա ազդող նշանակալի գործոն, պետք է բացառել և կանխատեսվող հորիզոնում լրացուցիչ ճշգրտումներ իրականացնել դրամավարկային պայմանների թուլացման մասով»,- ասաց ֆինանսների նախարարը:

 

Դրամավարկային քաղաքականության ծրագրից էլ, նշեց Խաչատրյանը,  պարզ է դառնում, որ մակրոտնտեսական միջավայրը 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գնահատվում է առավելապես ցածր գնաճային, որը պայմանավորված կլինի տարվա երկրորդ կեսին գնաճի վրա  էներգակիրների սակագների ունեցած ազդեցության չեզոքացմամբ և գնաճային ճնշումների տեսանկյունից արտաքին և ներքին լուրջ ռիսկերի բացակայությամբ:

 

Այս կապակցությամբ նախարարը նշեց, որ դրամավարկային պայմանների թուլացման համար նախատեսվող գործիքների' պարտադիր պահուստավորման տոկոսադրույքի և Հայաստանի Հանրապետության ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի թույլ ազդեցությունը շուկայական տոկոսադրույքի վրա կպահանջեն դրամավարկային քաղաքականության հնարավորինս ընդլայնող նպատակադրում:

 

«Ամփոփելով` նշենք, որ ներկայիս ցածր տնտեսական ակտիվության, ցածր գնաճային միջավայրի և հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող  ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առաջարկվող  թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի. այն պետք է լինի տնտեսական զարգացումներին համահունչ և հնարավորինս ընդլայնող»,- եզրափակեց Գագիկ Խաչատրյանը: