կարևոր
7474 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-04 16:12
Տնտեսական

Կենտրոնական բանկը սնանկացրել ու սնանկացնում է հազարավոր արտահանողների․ Սուրեն Պարսյան

Կենտրոնական բանկը սնանկացրել ու սնանկացնում է հազարավոր արտահանողների։ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը։

Նա նշել է, որ արտահանողները 2022 թվականին էական վնասներ են կրել, վնասներ է կրել նաև տեղեկատվական տեխնոլիագիաների ոլորտը. ընկերությունները փակում են, աշխատատեղերը կրճատվում։

Ս. Պարսյանը ԿԲ նախագահին հիշեցնում է, որ 2022 թվականի համար իրենք 4 տոկոս գնաճ էին կանխատեսել, սակայն տարին ավարտվեց 8,3 տոկոսով.
«Կենտրոնական բանկն իր կանխատեսումներում անցած տարի մի քանի անգամ սխալվել է։ Արդեն երրորդ տարին է սխալ կանխատեսում են անում»։

«ԿԲ-ն ու կառավարությունը կարծում են, որ Հայաստանում ռուս ռելոկանտները կմնան, գումարը կրկին դրսից կգա, դրամը արժևորված կմնա, 7 տոկոս տնտեսական աճ կունենան։ ԿԲ-ն ու կառավարությունը կարճաժամկետ են մտածում, երկարաժամկետ չեն տեսնում լուրջ խնդիրները, որոնք առաջացնում են տնտեսության գերտաքացումը։ Հիմա հենց այդ փուլում ենք։ Դրսից փչած տնտեսական աճը, որը 1,5-2 տարի հետ կարող է վերանալ, տեղն ինչո՞վ ենք լրացնելու, ոչ ոք չի ասում։ ԿԲ-ն ու կառավարությունը չունեն ծրագիր ռելոկանտների գնալու ու գումար չգալու դեպքում»,- նշել է Պարսյանը։

Տնտեսագիտության թեկնածուի խոսքով, դրամի արժևորման պատճառով տուժել են նաև ներքին արտադրողները. կումունալ վճարների թանկացման հետևանքով թանկացել է տեղական արտադրողների արտադրանքը, իսկ դրամի արժևորման հետևանքով ներկրողները դրսից ավելի էժան են բերում նույն ապրանքը և ներքին արտադրողն այսպիսով դուրս է մնում շուկայից։ Օրինակ, սննդամթերքի շուկան՝ կարագ, թթվասեր, պաղպաղակ և այլն։

Ըստ Ս. Պարսյանի, կառավարությունը և ԿԲ-ն հաճախ սպեկուլյացիա են անում՝ հարցնելով, ուզո՞ւմ եք արդյոք ապրանքների գները թանկացնել, սպառողն էլ, բնականաբար, ասում է՝ ոչ։
«Բայց եթե տեղական արտադրողը փակվի, աշխատատեղերի կորուստ ենք ունենալու և x գումար ստացող մարդը այլևս չի կարողանալու ստանալ այդ գումարը և խանութից գնել այդ էժան ապրանքը»,- ասել է տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։