կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-29 17:43
Հասարակություն

«ՀԿ-ների մասին» օրենքի փոփոխությունները կարևոր են քաղաքացիական հասարակության զարգացման համար. Կարեն Զադոյան

«ՀԿ-ների մասին» օրենքի  փոփոխությունները կարևոր են քաղաքացիական հասարակության զարգացման համար. Կարեն Զադոյան

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրինագծերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Օրենքում համապատասխան փոփոխությունների և դրանց նշանակության մասին Yerkir.am-ը զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ:

Ըստ մեր զրուցակցի՝ օրենքում տեղ գտած փոփոխությունները կարևոր են քաղաքացիական հասարակության զարգացման համար: «Նախկին օրենքով՝ հասարակական կազմակերպության անդամ կարող էին լինել միայն քաղաքացիները, այսինքն՝ ֆիզիկական անձինք, իսկ նոր օրենքով` հասարակական կազմակերպություններ կարող են հիմնադրել ինչպես իրավաբանական, այնպես էլ՝ ֆիզիկական անձինք, նաև խառը՝ իրավաբանական անձը ֆիզիկական անձի հետ համատեղ»,- ասաց Զադոյանը:

Նա մատնանշեց նաև օրենքում տեղ գտած այլ փոփոխություններ: «Մյուս կարևոր խնդիրն այն է, որ կարող են լինել ինչպես սահմանափակ անդամություն ունեցող, այնպես էլ՝ անսահմանափակ անդամությամբ հասարակական կազմակերպություններ: Այս ամենը նախկին օրենքում չէր կարգավորվում, չկար սահմանափակման մասին որևէ դրույթ: Այժմ ՀԿ-ները կարող են սահմանափակել իրենց անդամակցողների թիվը և ավելի անդամներ չընդունել: Դա հիմնականում վերաբերում է այն տիպի կազմակերպություններին, որոնք վերլուծությամբ են զբաղվում, այսինքն՝ խնդիր չունեն, որ շատ անդամություն ունենան»,- ասաց Զադոյանը:

Ըստ նրա` կարևոր փոփոխություն է նաև կազմակերպության գործունեության սկզբունքներին վերաբերող դրույթը: «Խոսքը բարեխղճության սկզբունքի մասին է, որը մենք նախկինում չենք ունեցել, իսկ բարեխղճությունն ունի չորս ենթատարր` արհեստավարժություն, թափանցիկություն, հաշվետվողականություն և հակակոռուպցիոն տարր»,- ընդգծեց նա: Զադոյանը նշեց, որ հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է կազմակերպությունների գործունեության ժամկետներին:

«Նոր օրենքով՝ կազմակերպությունները կարող են լինել ինչպես ժամկետի սահմանափակմամբ գործող կազմակերպություններ, այնպես էլ՝ անժամկետ: Եթե կազմակերպության կանոնադրությունը չի ներառում կարգավորում, հոդված ժամկետի սահմանափակման մասին, ապա դա համարվում է անժամկետ, որովհետև կազմակերպությունը կարող է հիմնվել ինչ-որ կարևոր նպատակի իրականացման համար և այդ նպատակը իրականացնելուց հետո դադարեցնել իր գործունությունը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը: Զադոյանն առանձնացրեց նաև օրենքում տեղ գտած այն փոփոխությունները, որոնք վերաբերում են կազմակերպությունների գրանցման ժամկետներին:

«Օրենքում տեղ գտած փոփոխություններով՝ հասարակական կազմակերպպությունները հնարավորություն ունեն գրանցվելու տասն աշխատանքային օրվա ընթացքում, ինչը բավական լուրջ բարեփոխում է»,- ասաց նա: Զադոյանը նշեց, որ մյուս կարևոր բարեփոխումը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությանը: «Նախկին օրենքով՝ կազմակերպությունը կարող էր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, եթե հիմնել էր տնտեսական ընկերություն կամ տնտեսական ընկերության անդամ էր: Այժմ հնարավորություն է տրվել ոչ միայն հիմնելու, այլև իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, որոնք բխում են նրա կանոնադրական նպատակներից՝ առանց որևէ իրավաբանական անձ հիմնելու: Սա շատ կարևոր բարեփոխում է, որի համար հասարակական կազմակերպությունները պայքարում են տասը տարի»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այստեղ մի կարևոր կարգավորում կա` եթե կազմակերպությունը զբաղվում է ուղիղ ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա առանձին հաշվապահական հաշվառում է վարում այդ գործունեության մասով, որպեսզի երկու հաշվապահություն իրար չխառնվի: «Սա արվել է նրա համար, որ եթե հանկարծ խնդիրներ ծագեն ձեռնարկատիրական գործության ընթացքում, դա որևէ կերպ չանդրադառնա և չարատավորի կազմակերպության բուն գործունեությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ ներկայիս օրենսդրությամբ ՝ հասարակական կազմակերպությունների մասին օրենքով, իրավունք չկա դատարան դիմելու շահառուների օրինական շահերի պաշտպանության հարցում: «Այս բնագավառում ևս փոփոխություն եղավ, և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում հնարավորություն է տրվել, որ ՀԿ-ները կարողանան դիմել դատարան»,- կարևորեց մեր զրուցակիցը, սակայն նշեց նաև, որ օրենքի կոնկրետ այդ դրույթում դեռևս տեսնում է թերի կողմեր, և ցանկալի կլիներ, որ փոփոխությունները վերաբերեին ոչ միայն շրջակա միջավայրին:

«Մենք գիտենք, որ ներկայումս շահառուների շահերի պաշտապանության խնդիրներ կարող են ծագել բազմաթիվ բնագավառներում, և կարծում ենք` նույնիսկ օրենքի ընդունվելուց հետո էլ ՀԿ-ները պետք է շարունակեն պայքարը և հասնեն նրան, որպեսզի այլ ոլորտներ նույնպես ընդգրկվեն»,- ասաց մեր զրուցակիցը: Հաջորդ կարևորագույն սկզբունքը, ըստ Զադոյանի, ՀԿ-ների բարձրագույն մարմնի հրավիրման ժամանակներին է վերաբերում: «Այս օրենքով` դարձել է հինգ տարին մեկ: Խոսքն առնվազն հերթական ժողովների մասին է, բայց յուրաքանչյուր կազմակերպություն կարող է իր կանոնադրությամբ նախատեսել նաև այլ ժամկետներ: Կարևոր է նաև կազմակերպության ներքին հաշվետվողականության խնդիրը:

Մենք բոլոր պետական մարմիններից պահանջում ենք լինել թափանցիկ, հաշվետվողական, և լավ է, որ օրենքում ընդգրկված են դրույթներ, որ հենց ՔՀԿ-ներն էլ պետք է թափանցիկ լինեն ու հաշվետու՝ հասարակությանը»,- ասաց նա: Զադոյանի խոսքով՝ եթե հանրային աղբյուրից ստացված գումարն անցնում է հինգ միլիոնից, պետք է պարտադիր աուդիտ անցկացվի: Մեր զրուցակիցը պարզաբանեց նաև, որ օրենքով հնարավորություն կա կազմակերպության գործունեությունը դադարեցնելու և կասեցնելու լիազոր մարմնի հայցադիմումի հիման վրա:

«Դատարանն իրավունք ունի կասեցնելու կազմակերպության գործունությունը, եթե այն թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում: Լիազոր մարմինը կազմակերպության հարկադիր լուծարման պահանջով կարող է դիմել դատարան, եթե կազմակերպությունը գործունության ընթացքում իրականացրել է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ատելություն բորբոքելու կամ պատերազմ քարոզելու փորձեր: Լիազոր մարմինը ժամկետ է տալիս՝ խախտումները վերացնելու, եթե չեն վերանում այդ խախտումերը, դիմում է լիազորությունները կասեցնելու պահանջով»,- ասաց Զադոյանը: Ըստ նրա` ՔԿՀ-ները պետք է արդյունք ստեղծող գործունեություն իրականացնեն, որ նրանց գումարներ տրվեն: «Ֆինանսական կայունության խնդիրը լուրջ է: Ժամանակն է, որ կառավարությունը նաև ՀԿ-ների համար գումարներ նախատեսի: Թեև ասեմ, որ ՀԿ-ներն արդեն կարող են մասնակցել տարբեր տենդերների, որովհետև ձեռնարկատիրական գործունեության իրավունք ունեն և կարող են տարբեր ծառայություններ մատուցել՝ սոցիալական, կրթական և այլն»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ՀԿ-ների՝ դրսից ֆինանսավորման հնարավոր հետևանքներին՝ Զադոյանը նշեց. «Եթե մտավախություն կա, որ դրսից կարող են փող տալ ու պատվիրել ինչ-որ բան, է, դուք տվեք փողը, դուք էլ պատվիրեք» :