կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-16 16:35
Իրավական

Սահմանադրական փոփոխությունները կարող են չեզոքացնել հասարակության կախվածությունը մեկ մարդու կամքից

Սահմանադրական փոփոխությունները կարող են չեզոքացնել  հասարակության կախվածությունը մեկ մարդու կամքից

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի ներկա փուլի մասին, նշեց, որ ՀՅԴ-ն ներկայացրել է իր առաջարկությունները հայեցակարգի վերաբերյալ և սպասում են տեքստերին, որպեսզի կարողանան վերջնական գնահատական տալ:


Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ հասարակության մի մասի մոտ,ինչպես նաև քաղաքական որոշ ուժերի մոտ պահպանվում է այն մտահոգությունը, թե այնուամենայնիվ, անհրաժեշտություն կա՞ փոխել Սահմանադրությունը, թե՞ եղած Սահմանադրությունն էլ , եթե լավ իրագործվի, արդյունք կտա:


Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ համոզմունքն է, որ չի կարելի ամեն ինչ մարդու ցանկության տիրույթում դիտարկել, որովհետև եթե համակարգը չի ստիպում մարդուն, որ նա անընդհատ աշխատի, ապա կարող են հանգել մի խնդրի, երբ լծակներ ունեցող տվյալ անձը անպայման պետք է կամք դրսևորի կամ ցանկություն հայտնի, որ լավ լինի:


«Ի վերջո բոլորս չպետք է կտրվենք իրականությունից, պետք է բոլորս հասկանանք, որ յուրաքանչյուր մարդ, անձ, անհատ, ունի շրջապատ, որոշակի միջավայր, իրեն պաշտոնի բերող, իրեն նախագահ դարձնող որոշակի անձանց խումբ, որոնց շահերը ինքը չի կարող չսպասարկել, երբ տիրանում է այդ պաշտոնին: Հետևաբար գլխավոր խնդիրներից մեկը դառնում է այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ հանրային շահը դրված լինի Սահմանադրության հիմքում, և համակարգը ձևավորի իշխանության տարբեր օղակները: Այդ դեպքում համակարգը այդ քաղաքական կամքը կպարտադրի ցանկացած իշխանավորի, ով այդ ձևով գալիս է իշխանության»,- ասաց Արծվիկ Մինասյանը: