կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-27 17:55
Քաղաքական

Հայապահպանության խնդիրներն ու ապաստան հայցողները Նյուրնբերգում

Հայապահպանության խնդիրներն ու ապաստան հայցողները Նյուրնբերգում

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի հայ համայնքի առաջնային խնդիրը երեխաներին հայոց լեզուն սովորեցնելն է, առօրյա խոսակցական լեզու դարձնելը, քանի որ նրանց մեծամասնությունը տանն ու դպրոցում հիմնականում գերմաներեն է խոսում՝ մոռանալով մայրենի լեզուն։ Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Նյուրնբերգի հայ համայնքի հիմնադիր անդամ, ղեկավար Մարգարիտ Ասօեան-Լինկը։

«Ես հիմա կնկատիմ, որ Սփյուռքի մեջ ապրող հայերից շատերը, որոնք լավ հայերեն գիտեն, տարիների ընթացքում սկսում են երեխաների հետ գերմաներեն խոսիլ, երեխաներն իրարու հետ գերմաներեն կխոսին։ Երևի չեն գիտնալ, թե որքան արագ երեխան կըրնա իր լեզուն կորցնի, եթե տունը երեխայի հետը շարունակ հայերեն չխոսին։ Կամ հակառակը` եթե միշտ հայերեն խոսին, ինչ արագ կսովորի լեզուն»,- նշում է Մարգարիտ Ասօեան-Լինկը։

Մոտ 40 տարի Նյուրնբերգում բնակվող կինն իր սեփական փորձից է ասում, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր է երեխաներին մայրենի լեզուն սովորեցնել։

«Իմ ամուսինը գերմանացի է։ Եվ երբ ես երեխաս հոս մեծուցի, մեկը չկար հայերեն խոսող իմ շրջանակիս մեջը մենակ ես էի, բայց, փառք Աստծո, աղջիկս շնորհքով հայերեն կխոսի՝ գիտնալով, որ ինքը հոր հետը պետք է գերմաներեն խոսի, ինձ հետ՝ հայերեն։ Եվ հիմա փոքր թոռնիկս էլ այդպես է` ինձ հետ հայերեն կխոսի, ծնողների հետ՝ գերմաներեն։ Երեխան ունի այդ ընդունակությունը` երկու լեզուներ խոսալով մեծնալու»,- շեշտում է Նյուրնբերգի հայ համայնքի ղեկավարը։

Քաղաքում ամսվա մեջ երեք օր՝ կիրակի օրերին, հայոց լեզվի դասերի հաճախող երեխաների թիվը մշտապես տատանվում է, այս պահի դրությամբ 12-ն են։ Դասընթացներն անվճար են, ուսուցիչները կամավորության սկզբունքով են երեխաներին գրել ու կարդալ սովորեցնում։ Դպրոցը հնարավորություն է տալիս նաև ժամանակ առ ժամանակ համախմբել երեխաներին՝ միասին նշելու հայկական տոներից կարևորագույնները, օրինակ՝ Թարգմանչաց տոնը։

 

 

Հայերը` Նյուրնբերգում

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի հայ համայնքն այս տարվա հոկտեմբերի 29-ին նշելու է հիմնադրման 36-ամյակը։ Չհաշված ապաստան հայցողներին՝ հայերի թիվը Նյուրնբերգում 2000-ից ավելի է, որոնցից միայն 110 են համարվում հայ համայնքի անդամ և վճարում անդամավճար կամ, այլ բառով ասած, տրատու են։ Մնացածն այդքան էլ սերտ կապեր չունեն համայնքի հետ՝ աշխատանքային ծանրաբեռնվածության կամ այլ պատճառներից ելնելով։

Համայնքի յուրաքանչյուր աշխատող անդամ ամիսը 12 եվրո է վճարում, ոչ աշխատողը՝ 6 եվրո։ Որպես առավելություն՝ այդ մարդկանց համար կնունքը, հարսանիքը կամ սգո արարողությունները կատարվում են անվճար, իսկ նրանք, ովքեր անդամ չեն, պարտավոր են մասնավոր գումար վճարել Առաջնորդարանին՝ մոտ 400-450 եվրո` կախված առիթից։

Անկախ համայնքին չանդամակցելու փաստից, ըստ Մարգարիտ Ասօեան-Լինկի, տարվա մեջ երկու անգամ գրեթե բոլոր հայերը այցելում են Սուրբ Ծննդյան և Մեծ Զատկի պատարագներին։ «Եթե հոս ներկա ըլլաք, կտեսնենք, որ հսկա եկեղեցին լեցուն է, ժողովրդի մի մասն էլ դուրսը կեցած է»,- պատմում է Ասօեան-Լինկը։

Ի տարբերություն Գերմանիայի այլ քաղաքների, Նյուրնբերգն ու Մյունխենն ունեն հոգևոր հովիվ՝ տեր Այգիկ քահանա Հովհաննիսյանը, ով մշտապես համայնքի անդամների ու, ընդհանրապես, հայերի կողքին է։

Գերմանիայում գործում է Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը, որի առաջնորդարանը գտնվում է Քյոլն քաղաքում։ Առաջնորդարանի ներքո գործում է 15 համայնք, որոնցից քչերն ունեն իրենց եկեղեցիները, իսկ մնացած համայնքներն իրենց արարողությունների համար վարձակալում են գերմանական եկեղեցիներ։ Այդպես է նաև Նյուրնբերգի հայ համայնքի պարագայում։ Ամսվա մեջ 4 օրերի համար համայնքը վարձակալում է մի եկեղեցու (Evangelisch-Lutherische Christuskirche) մի քանի սենյակ, որոնցից 3 կիրակին հատկացվում է դասերին, իսկ յուրաքանչյուր ամսվա երրորդ կիրակին՝ պատարագին, որի ժամանակ եկեղեցին զարդարվում է հայկական եկեղեցուն բնորոշ ատրիբուտներով։

Ապաստան հայցողները` Նյուրնբերգում 

Տեր Այգիկ քահանա Հովհաննիսյանը պարբերաբար այցելում է Նյուրնբերգում ու շրջակա տարածքներում ապաստան հայցողների համար նախատեսված ճամբարներում բնակվող հայերին, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Նրա խոսքով՝ այդ մարդկանց մեջ մեծ թիվ են կազմում տարբեր հիվանդությունների հիմքով Գերմանիայում ապաստան խնդրողները։ 

«Փորձում եմ ամեն կերպ աջակցություն ցույց տալ այդ մարդկանց՝ բարոյական աջակցություն, ուղեկցում տարբեր հաստատություններ, անհրաժեշտության դեպքում թարգմանություններ եմ կատարում և այլն»,- նշում է տեր Այգիկը։

Ըստ Ասօեան-Լինկի՝ երբ վաղ անցյալում ճամբարներում ապրող հայերը շատ չէին, համայնքը կարողանում էր նյութապես որոշակի աջակցություն ցուցաբերել, սակայն հիմա նման հնարավորություն չկա։ «Ամենացավալին այն է, որ հոս մեկը կմահանա, հարազատները կուզեն վերադարձնել Հայաստան, դրամ չունին, օգնություն կխնդրին, բայց այդ տեղափոխությունները ահավոր ծախսերի հետ են կապված, մենք չեն կարող օգտակար ըլլալ»,- ասում է Նյուրնբերգի հայ համայնքի ղեկավարը։

Հակառակ գոյություն ունեցող մի շարք դժվարություններին՝ շատ հայեր Նյուրնբերգում մասնագիտական մեծ հաջողությունների են հասել, որոնցից հայտնի են Նյուրնբերգի պետական օպերայի թատրոնի առաջատար աշխատակիցներ Հրաչուհի Բասենցը, Գոռ Հարությունյանն ու Սուրեն Մանուկյանը։

Նունե Հովսեփյան