|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Նա այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Ղարիբաշվիլիի հետ բարձր մակարդակի բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդիպել են ԶԼՄ–ների հետ։
Ասուլիսի ընթացքում Փաշինյանը ուշագրավ և տարօրինակ հայտարարություն է արել՝ շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ «Վրաստանի հայության ինքնության պահպանման և զարգացման համար»։
«Նաև պիտի շնորհակալություն հայտնեմ Վրաստանի կառավարությանը՝ այն բոլոր հնարավորությունների համար, որ ստեղծված են Վրաստանի հայության ինքնության պահպանման և զարգացման համար։ Սա մի թեմա է, որը մեզ միավորում է, մեր հարաբերությունները դարձնում է առավել արդյունավետ, առավել հեռանկարային և ռազմավարական»,– նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Փաշինյանի այս խոսքերն ավելի քան տարօրինակ և ծիծաղելի են, եթե հաշվի առնենք վրացական իշխանությունների՝ տարիներ շարունակ իրականացրած հակահայ քաղաքականությունը։ Այսպես՝ արդեն երկար տարիներ ի վեր վրացական իշխանություններն արգելափակել են ոչ միայն ՀՀ քաղաքացի հասարակական–մշակութային գործիչների, այլև հենց Վրաստանի քաղաքացիություն ունեցող ջավախահայերի մուտքը երկիր, որոնք չեն կարողանում անգամ այցելել Ջավախքում բնակվող իրենց ազգականներին։ Վրաստանը նաև արգելում է ջավախահայ երիտասարդության կրթության համար անհրաժեշտ հայերեն գրականություն անցկացնել երկիր։ Դրա փոխարեն դպրոցներում, օրինակ՝ պատմության դասագրքերում, առկա են բազմաթիվ պատմակեղծարարություններ (օրինակ՝ բազմաթիվ հայկական տարածքների՝ Վրաստանին պատկանելը), որոնք հրամցվում են հայ երեխաներին։
Նման պարագայում հարց է առաջանում, թե կոնկրետ ո՞ր քայլի համար է Փաշինյանը վրացիներից շնորհակալ՝ բազմաթիվ հայ գործիչների մուտքը խոչընդոտելո՞ւ, թե՞ ազգապահպանությանն ուղղված դասագրքերի արգելքի։
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին նաև անդրադարձել են հունիսի 12-ին 15 հայ ռազմագերիների և կարևոր խաղաքարտ համարվող՝ ականապատ տարածքների քարտեզների փոխանակմանը, որը տեղի էր ունեցել Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ։
Հայրենիքի հազարավոր քառ. կմ տարածքներ հանձնած Փաշինյանը, փաստացի, հաստատել է իր ապաշնորհությունն ու անընդունակությունը գերիներին հետ վերադարձնելու հարցում, քանզի պատերազմի ավարտից հետո մինչ օրս բազմաթիվ գերիներ կան Բաքվում, նաև պարբերաբար լսում ենք ՀՀ տարածքից հայ զինծառայողների գերի ընկնելու մասին։ Փաշինյանը, Վրաստանի միջոցով մի քանի գերի հետ բերելով, փաստորեն, Վրաստանին դարձրել է գործոն հայ–ադրբեջանական հարաբերություններում:
Փաշինյանը երևի թե «մոռացել է» հիշեցնել վրացիներին նրանց հակահայ քաղաքականությունը նաև պատերազմի օրերին, երբ հայտարարելով իր տարածքով ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական ռազմական տեխնիկայի անցնելը չթույլատրելու մասին, ակնհայտորեն թույլատրում էր Թուրքիայի զենքի մուտքն Ադրբեջան իր տարածքով, իսկ հայերի համար վրացական սահմանն ամբողջովին փակ էր։