կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-26 17:10
Քաղաքական

«Դիլիջան» ուսումնական կենտրոնը լուծարվելու է. ֆինանսների նախարար

«Դիլիջան» ուսումնական կենտրոնը լուծարվելու է. ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու ֆինանսների նախարարության «Դիլիջան» ուսումնական կենտրոնի ճակատագիրը, և հնարավո՞ր է  շենքը վաճառվի կամ աճուրդի հանվի, նշեց. «Ոչ թե հանելու ենք վաճառքի, մենք քննարկում ենք տարբերակները: Ես ցանկացած քայլ անելուց առաջ լսում եմ շահագրգիռ կողմերին, բայց բոլորին տալիս եմ մեկ հարց` խնդրում եմ ասեք՝ այն գումարները, որոնք ծախսվում են ձեզ վրա, ի՞նչ արդյունավետությամբ եք ծախսում, և ովքե՞ր են օգտվում ձեր ծառայություններից»:

Խոսելով ուսումնական կենտրոնի մասին՝ նախարարն ասաց. «Ինչ վերաբերում է կենտրոնին, ասեմ, որ դա ՊՈԱԿ է, որը կա'մ լուծարվում է, կա'մ վերաիմաստավորվում է, վաճառքի չի հանվում, բայց ես կարծում եմ, որ մենք գնալու ենք այն ճանապարհով, որ լուծարենք: Մենք ունենք խնդիր, որ ուսումնական հաստատությունները քիչ են աշխատում պետության հետ, դա նրանից է, որ մենք ստեղծում ենք կառույցներ, որոնք արդյունավետ չեն աշխատում պետության հետ»:

Հարցին՝ շենքի թանկարժեք կահույքը, շենքն ու շինություններն ի՞նչ ճակատագրի են արժանանալու, Արամյանը պատասխանեց. «Դա պետք է հանձնվի պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ ունի հաստատված ծրագիր»:

Հարցին, թե, փաստորեն, Գագիկ Խաչատրյանն անիմաստ ծախսե՞ր է արել, նախարարը պատասխանեց, որ իր սկզբունքների մեջ չի մտնում իր նախորդների մասին խոսելը և նրանց գործունությանը գնահատական տալը: «Կարծում եմ, որ կարելի է ավելի խելամիտ մոտենալ գումարին»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե փաստորեն, առանց այդ շենքի էլ հնարավոր էր կազմակերպել ուսումնական պրոցեսը, Արամյանն արձագանքեց. «Ես ուզում եմ ասել՝ ես այդպես եմ մտածում, իմ մոտեցումներն այն են, որ յուրաքանչյուր գումար պետք է ավելի խելամիտ ծախսել»: