Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ո՞վ է ասում, որ ՍԴ-ն լուծարվելու է, դա սխալ ուղղություն է, որովհետեւ որևէ մարմին չի լուծարվելու. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հետևանքով ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարաններ միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու մտադրությանը:
Նա նշեց, որ կոնցեպտի հարց կա, և այդ շրջանակում է պետք հարցը քննարկել:
«Երկրորդ, այո՛, հանձնաժողովը ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորելու որոշում կայացրել է, բայց հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, որն առաջարկում է: Այո՛, կա նման հավանականություն, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորվեն, բայց ՍԴ-ի մոդելը դեռեւս 2015-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով պետք է ներդրվեր, և մենք ընդամենը սխալների ուղղում ենք արել»,- ասաց Բադասյանը:
Հարցին՝ նոր ստեղծվելիք Գերագույն դատարանում լրիվ նոր կա՞զմ պետք է լինի, թե՞ կարող են ընդգրկվել ՍԴ-ի ու Վճռաբեկ դատարանի դատավորներ, նախարարը պատասխանեց. «Ընթացակարգը, որով պետք է ձևավորվի Գերագույն դատարանը, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը դեռեւս չի քննարկել: Կարծում եմ՝ պետք է այնպիսի մեխանիզմ լինի, որը հանրային վստահությունը նոր ստեղծվող դատական ատյանի նկատմամբ շեշտակի կբարձրացնի»:
Խոսելով ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված և հրաժարված Վահրամ Ավետիսյանի մասին՝ նախարարն ասաց, որ նա ոչ թե իր, այլ կառավարության թեկնածուն է եղել։
«Ինչո՞ւ ենք կենտրոնացել նրա վրա: Եղել էր կառավարության կողմից առաջադրված թեկնածություն, քննարկումների արդյունքում առաջացել էր իրավիճակ, որից ելքը գտնվեց․ պարոն Ավետիսյանը հրաժարվեց հետագա պրոցեսին մասնակցելուց»,- ասաց նա:
Անդրադառնալով կառավարության առաջադրած՝ Էդգար Շաթիրյանի թեկնածությանը՝ Բադասյանն ասաց. «Պարոն Շաթիրյանն էլ, կարծում եմ, դրական թեկնածու է և ՍԴ դատավորի բարձր կոչմանն արժանի մասնագետ ու անձնավորություն»:
Նա «ցավալի միջադեպ» համարեց, որ Շաթիրյանը ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց հանձնաժողովի ղեկավար չընտրվելուց հետո հրաժարվեց անդամությունից։
Արդյո՞ք ՍԴ դատավորի երեք թեկնածուներն այն անձինք են, որոնք ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորներ ընտրվելու դեպքում կփոխեն ՍԴ-ում տիրող իրավիճակը, և կմեծանա հանրության վստահությունը ՍԴ-ի նկատմամբ: Բադասյանը պատասխանեց. «Ես միայն կառավարության թեկնածուի մասով ինձ թույլ կտամ կարծիք արտահայտել: Կարծում եմ, այո՛, պարոն Շաթիրյանի թե՛ մասնագիտական, թե՛ անձնային հատկանիշները բավարարում են ՍԴ-ում գործունեության համար և ՍԴ-ի նկատմամբ վստահություն սերմանելու հարցում: Մյուս թեկնածուների մասով թույլ չեմ տա որևէ կարծիք արտահայտել, որովհետև նրանք ՀՀ նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուներ են»:
Հիշեցնենք, որ Վահրամ Ավետիսյանը օգոստոսի 17-ին «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահին, որում նշել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից իր համար ակնհայտ էր դարձել, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իր մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև իր համար անընդունելի են։ Ավետիսյանը նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարել է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։
Մանրամասն՝ տեսանյութում: