|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանը. այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա նշեց, որ վարչապետն իր ելույթում ասել էր, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, ինքն էլ ուզում է հավելել, որ անցումային արդարադատությունը չի հակասելու կոնվենցիաներով ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին, Սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու, այն լինելու է օրինական և ավելի շատ աջակցող ինչ-որ բան:
Զեյնալյանի խոսքով՝ տեսականորեն հնարավոր է նաև, որ լինեն դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորություններ, սակայն հարցերը լուծելու է Հայաստանի դատական գործող համակարգը: «Անցումային արդարադատություան արդյունքում դատարանները չեն լուծարվելու, դատարանների դատարան չի ստեղծվելու, Սահմանադրությունը չի խախտվելու, Հայաստանի միջազգային պարտավորությունները չեն չեղարկվելու, արտակարգ դատարաններ էլ չեն ստեղծվելու: Անցումային արդարադատությունը լինելու է օրինական և կոչված է լինելու վերականգնել մարդու իրավունքները»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ո՞ր երկրներն են ունեցել անցումային արդարադատություն, Զեյնալյանը պատասխանեց, որ նման բան եղել է վրացական հեղափոխությունից հետո՝ Վրաստանում, նաև այլ երկրներում: «Օգտվելու ենք այլ երկրների անցումային արդարադատության փորձից, չենք կրկնելու նրանց սխալները: Ուսումնասիրելու ենք բոլորի փորձը, սովորելու նրանց սխալների վրա: Ուզում ենք, որպեսզի մեզ մոտ այն լինի ամենաօրինականը, ամենաարդարն ու ամենանախանձելին: Երաշխիքները հասարակության ու լրագրողներիդ հետևողական ուշադրությունն է, մեր պատրաստակամությունը, օրինական ընտրությունները, որոնք պատրաստվում ենք իրականացնել»,- ասաց նա: