Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության կայքից։
Ուսումնակրթական գործընթացը իրականացվում է ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ, որը պարտադիր է բոլոր հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։ Պահաանջների կատարումը պարտադիր է դպրոցի բոլոր աշխատակիցների, ծնողների և աշակերտների համար:
Դպրոցները
- ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով,
- օրվա ընթացքում անձնակազմը և աշակերտներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռավար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։
- դասարանները բաժանում են առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովել սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար՝ դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի:
- դասագրքերի բաշխումը իրականացնում են օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ը՝ պահպանելով անվտանգության կանոնները:
Դասացուցակ
- Դպրոցներում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։
- Մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի:
- Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր:
- Խմբերի դասացուցակը կազմվում է իրար հաջորդող դասերի և ինքնուրույն աշխատանքի օրերի համար:
- Ինքնուրույն աշխատանքի օրերին սովորողները ուսուցչի հանձնարարած աշխատանքը կատարում են տանը։
- Ուշադրություն. Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։
Ռիսկային խմբի սովորողը
- Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որևէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով:
Այդ հիվանդություններն են.
- արյան բարձր ճնշում
- շաքարային դիաբետ,
- սրտի հիվանդություն,
- սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ),
- քրոնիկ շնչառական հիվանդություն,
- քաղցկեղ։
Դպրոց գալուց առաջ
- Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում։ 37 և բարձր ջերմություն ունենալու դեպքում դիմում են բնակավայրի բուժհաստատություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին:
- Եթե տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, ապա բացառվում է երեխայի հաճախումը դպրոց:
- Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:
- Ծնողները իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում, որ ունենանք «Առողջ և ապահով դպրոց»։
Դպրոցների ախտահանումը
Մինչև դասերի սկիզբը՝ նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ բոլոր դռների և պատուհանների բռնակները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները ախտահանվում են:
Եթե դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է հերթափոխով, ապա հերթափոխերի միջև սահմանված ընդմիջումը պետք է բավարարի ախտահանումն իրականացնելու համար։ Կատարվում է պատշաճ օդափոխություն օրը առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ: Ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։
Դպրոցի մուտքի մոտ, միջանցքներում, դասասենյակներում, ուսուցչական և այլ սենյակներում ապահովվում են ալկոհոլային հիմքով ախտահանիչներ։
Տեղադրվում են հատուկ մակնշմամբ փակ աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար։
Սովորողի մուտքը դպրոց
- Սովորողները դպրոց են գալիս ըստ ուսումնական հաստատության սահմանած ժամանակացույցի, սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ հոգի: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է։
- Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:
- Դպրոցի բակում, բոլոր մուտքերի մոտ իրականացվում է գծանշում։
- Սովորողները դպրոց մուտք կգործեն բոլոր մուտքերից: Եթե դպրոցը ունի մեկ մուտք, պետք է սահմանել դպրոց գալու գրաֆիկ ըստ դասարանների։
- Դպրոց մտնելիս սովորողները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, խուսափեն դպրոցի բակում կամ մուտքի մոտ կուտակումներ առաջացնելուց։
- Դպրոց մտնելիս կազմակերպվում է սովորողների ջերմաչափում և ձեռքերի ախտահանում:
- Դպրոցը վարում է աշակերտների ջերմաչափման մատյան: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։
- Յուրաքանչյուր մուտքի մոտ առանձնացված է սենյակ կամ տարածք հիվանդ երեխաների մեկուսացումը ապահովելու համար՝ մինչև ծնողի կամ բժշկի գալը: Այդ տարածքները արգելվում է օգտագործել այլ նպատակների և տարանցիկ տեղաշարժի համար:
Դասարանում
- Դասասենյակում սովորողները կրում են դիմակներ։
- Սովորողները դասին մասնակցում են տեղից: Գրատախտակին մոտ կանչելն արգելվում է:
- Սովորողներին ստուգված գրավոր աշխատանքները տրամադրելն արգելվում է, կարող է տրամադրվել գրավոր աշխատանքի լուսապատճենը:
- Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյան տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա:
Սովորողների գնահատումը
- Գրավոր աշխատանքները կազմակերպվում են թերթիկների վրա: Տետրեր օգտագործելը թեմատիկ գրավոր աշխատանքների համար արգելվում է:
- Կիսամյակի ընթացքում կազմակերպվում է երկու թեմատիկ գրավոր աշխատանք:
- Կիսամյակի վերջում կատարվում է աշակերտների գիտելիքների ստուգում՝ ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով:
- Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում:
- Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում:
Արգելվում է դպրոցում կազմակերպել
- զանգվածային միջոցառումներ, երկարօրյա ծառայություններ, արտաուսումնական խմբակներ,
Ուշադրություն
- Ծնողական ժողովները կազմակերպվում են հեռավար, անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։
Ռիսկի խմբի ուսուցիչները
- 65 և բարձր տարիքային խմբի ուսուցիչները (անկախ առողջական վիճակից) կարող են աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրում է պետությունը։ Նրանք (անկախ առողջական վիճակից) կարող են չներկայանալ աշխատանքի։ Այդ դեպքում նրանց համար դասաբաշխում չի կատարվում, աշխատավարձը պահպանվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել, քան մեկ հաստիքի չափով: Ռիսկային խմբի ուսուցիչները աշխատանքի չներկայանալու դեպքում դասերը կարող են վարել հեռավար եղանակով։
- Եթե աշխատակազմի որևէ անդամի մոտ նկատվում է գրիպի կամ սուր շնչառական վարակների ախտանշաններ, ապա բացառվում է վերջինիս աշխատանքի ներկայանալը:
Հեռախոսահամարներ
- Պարզաբանումների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության Թեժ գիծ ծառայությանը՝ (010) 599 – 600, հանրակրթության վարչությանը` (010) 599 – 618, (010) 599 – 619 հեռախոսահամարներով։
- Դպրոցի աշխատակիցների մոտ հիվանդության ախտանիշների կասկածի դեպքում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով։ Բողոքների դպքում զանգահարել պարետատան թեժ գիծ՝ 8141 համարով։