կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-29 16:05
Հասարակություն

Լուծարվելու են բժշկա-սոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովները

Լուծարվելու են բժշկա-սոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովները

Այսօր լրագրողների հետ հանդիպեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա ափսոսանքով նշեց, որ ստացվել է այնպես, որ տարեվերջյան ասուլիսին խոսելու է ոչ թե ձեռքբերումների, այլ ոլորտի մի շարք խնդիրների մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ-ն կոռուպցիոն ռիսկերի կասկածանքով ձերբակալել է ԲՍՓ պետին: Կառավարության նիստում վարչապետը ընդարձակ հանձնարարականներ տվեց սոցիալական ոլորտի մի շարք խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Արտեմ Ասատրյանը նախ նշեց, որ սոցիալական ոլորտն առնչվում է սոցիալական խոցելի խմբերին, շահառուների թիվն էլ հասնում է 1 միլիոնի: Խոսելով ԲՍՓ խնդիրների մասին` նախարարը նշեց, որ փորձել են ոլորտի խնդիրները նվազեցնել համակարգային լուծումներ տալու միջոցով, վերացնել կոռուպցիոն պատճառները: Հունվար ամսին կառավարությանը պետք է ներկայացվի լուծման մի ճանապարհ, ըստ որի` հաշմանդամություն ունենալն ու հիվանդություն ունենալը կտարանջատվի:

 «Ցանկացած հիվանդություն ունենալը դեռևս չի նշանակում հաշմանդամություն, բայց, մյուս կողմից, չափորոշիչների ոչ հստակ լինելը, դրանց` մեկը մյուսում ներառված լինելը միշտ ռիսկերի տեղիք է տալիս: Առաջին խնդիրը, որը պետք է լուծենք, դիմումների ու փաստաթղթերի ընդունման և որոշումների կայացման տարանջատումն է: Քաղաքացին չպետք է շփվի որոշում կայացնողի հետ»,- ասաց նախարարը:

 Ամբողջությամբ լուծարվելու են տարածքային հանձնաժողովները, ստեղծվելու են ընդունարաններ քաղաքացիների դիմումների համար, ստեղծվելու է նաև կենտրոնացված որոշումներ կայացնող մարմին:

Եվս մեկ խնդրի մասին բարձրաձայնեց նախարարը` ասելով, որ բժշկա-սոցիալական փորձաքննության ժամանակ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար ԲՍՓ նիստերի ժամանակ հրավիրվում էին համապատասխան ոլորտով զբաղվող ՀԿ-ներին, որ պաշտպանեն իրենց շահառուների շահերը, սակայն, ամփոփելով 2016-ի արդյունքները, արձանագրվել է, որ ՀԿ-ները ընդամենը 8 նիստի են մասնակցել:

«Սա իսկապես շատ անհասկանալի ցուցանիշ է, երբ նույն ՀԿ-ները բարձրաձայնում էին խնդիրներ, որ բժշկա-սոցիալական  նիստերի ժամանակ արդարացի չեն վարվում քաղաքացիների հետ»,- ասաց Արտեմ Ասատրյանը: