կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-24 15:24
Քաղաքական

Հիմքեր չունեմ վարչապետի խոսքերին չհավատալու. ԲՀԿ-ական

Հիմքեր չունեմ վարչապետի խոսքերին չհավատալու. ԲՀԿ-ական

Եթե վարչապետի մակարդակով ասվել է, պետք է իրատեսականին մոտ լինի. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով՝ վարչապետի այն հայտարարությանը, որ յուրաքանչյուրը կարող է ներկրել ինչ ուզում է, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում ահազանգել իրեն: 

Մելքումյանը նշեց, որ օլիգոպոլիաները, բնականաբար, օրենքով ամրագրված չեն: «Օրենքով ամրագրված չէ, որ մի հոգի կամ երկու հոգի պետք է որոշ ապրանքներ ներկրեն: Կառավարության հանդեպ վստահության կարևոր ազդակներից մեկն անպայման լինելու է հենց սրա դեմ պայքարը: Դրա մասին ոչ միայն պետք է խոսվի, այլ կարճ ժամանակ հետո պետք է ցույց տալ, որ եթե հիմա բենզինը, բանանը կամ ցիտրուսը ներկրում են մի քանի սուբյեկտներ, ապա մեկ ամիս կամ 2 ամիս հետո պետք է երևա, որ արդեն ներկրում է 20, 25 հոգի»,- ասաց նա հավելելով, որ դա չպետք է արհեստականորեն ցույց տալ, այլ պետք է լինի մրցակցային հարաբերությունների տրամադրմամբ:

Ըստ Մելքումյանի՝ մարդիկ այսօր այնքան են հիասթափվել, որ հնարավոր է վախենան ապրանքներ ներկրել ու ընկնել ինչ-որ պրոբլեմների մեջ:

Պատգամավորը նշեց, որ կարող են լինել ռիսկեր ԵԱՏՄ-ից ապրանքների ներկրման ժամանակ: «ԵԱՏՄ-ից ապրանք ներկրելու դեպքում մաքսային սահմանը բացակայում է, սա կարող է դառնալ պատճառ, որ ներկրողը շեղվի օկտանային գներից կամ չպահպանի ապրանքի անվտանգության չափորոշիչները, ստանդարտացումը»,- ասաց նա:

Մելքումյանը նաև նշեց, որ ինքը` որպես պրագմատիկ գործիչ, հիմքեր չունի վարչապետի խոսքին չհավատալու: «Ես հիմքեր չունեմ ասելու, որ ես չեմ հավատում: Շատ կարճ ժամանակ հետո կերևա` շուկա այլ մրցակիցներ, ներկրողներ մտե՞լ են, թե՞ ոչ: Պետք է սպասենք: Երկու օր առաջ է այդ հայտարարությունն արվել: Ես՝ որպես պրագմատիկ գործիչ, չեմ կարող կասկածել»,- նշեց նա: