կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-03 11:06
Քաղաքական

Ավելացնելու ոչինչ չունեմ. մանդատից «հրաժարված» ԲՀԿ-ական

Ավելացնելու ոչինչ չունեմ. մանդատից «հրաժարված» ԲՀԿ-ական

Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց այն պատգամավորների անունները, ովքեր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքի երկու թեկնածուներ կայքերի հետ զրույցում  հերքել են տեղեկությունը, թե մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել: Խոսքը թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի համար ամենաշատ ձայն  ապահոված Նապոլեոն Ազիզյանի և Արագածոտնի մարզում ամենաշատ քվե ստացած Խաչիկ Մանուկյանի մասին է:

ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով՝ «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմում ներկայացրած Լյովա Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում 6-րդ գումարման խորհրդարանին բեղմնավոր աշխատանք մաղթեց: Նրանից հետաքրքրվեցինք՝ գուցե Դո՞ւք էլ Ազիզյանի և Մանուկյանի նման տեղյակ չեք, որ Ձեր անունից պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացված: Խաչատրյանը սրտնեղած պատասխանեց. «Առաջիկա խորհրդարանին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»:  

Մի քանի անգամ ճշտեցինք՝ նման արտահայտությունները ենթադրո՞ւմ են, որ նրա փոխարեն են գրել ինքանաբացարկի դիմումը: Խաչատրյանը բոլոր հարցերին պատասխանեց այսպես. «Ավելացնելու ոչինչ չունեմ»:

Փորձեցինք կապ հաստատել նաև նույն դաշինքի կազմից, ԿԸՀ-ի տվյալներով, ինքնաբացարկի դիմում ներկայացրած Հարություն Ղարագյոզյանի հետ: Հեռախոսազանգին, ամենայն հավանականությամբ, պատասխանեց հենց Ղարագյոզյանը, սակայն, լսելով հարցը, ասաց, որ Ղարագյոզյանը քաղաքում չէ, միայն մի քանի օրից կարող է պատասխանել հեռախոսազանգին:

Չկարողացանք կապ հաստատել ԿԸՀ-ի հրապարակած՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրածներից որևէ մեկի հետ: Չհաջողվեց նաև մեկնաբանություն ստանալ «Ծառուկյան» դաշինքի որևէ պատասխանատուից: