կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-06 12:56
Տնտեսական

Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ առաջիկայում ՌԴ-ն կնվազեցնի գազի գինը Հայաստանի համար

Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ առաջիկայում ՌԴ-ն կնվազեցնի գազի գինը Հայաստանի համար

Այս շաբաթ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն արեց գազի գների վերաբերյալ՝ ասելով, որ գազի սպառման ծավալների նվազումն ակնհայտորեն վկայում է, որ «Գազպրոմ» ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Վարչապետը նաև ակնարկել է, որ Հայաստանի տնտեսության և բնակչության համար ևս գազի գինը պետք է լինի մատչելի ու շահավետ:

Ի դեպ, գազի գնի հետ կապված՝ սա առաջին ակնարկը չէ: Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ նույնպես խոսել էր գազի գնի նվազեցման անհրաժեշտության մասին, սակայն մինչ օրս ՌԴ-ից որևէ պատասխան չկա: Ականջալուր կլինե՞ն Հայաստանի կառավարության խնդրանք-առաջարկին, թե՞ ոչ:

Yerkir.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը բնական է, որովհետև դա լուրջ խնդիր է: Տնտեսագետը համաձայնեց, որ, սպառման ծավալների խնդրին զուգահեռ, առաջ է գալիս գազի գնի ձեռնտու լինելու մասին հարցը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ դեռևս լավ լուր չկա՝ գազի գնի նվազեցման հետ կապված, Վարդան Բոստանջյանը նշեց, որ նման լուրջ հարցերը քննարկում են պահանջում, և դա ակնթարթային, մեկ-երկու օրում լուծվելիք հարց չէ:

«Միայն այն հանգամանքը, որ կառավարության նիստում վարչապետը նման բան է ասել, նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, դրական լուծում ենք ունենալու, որովհետև եթե դրական լուծում չսպասեինք, հավատացնում եմ ձեզ, որ կառավարության մակարդակով այդ հարցի մասին չէին բարձրաձայնի: Նման խնդիրների մասին իմիջիայլոց չի բարձրաձայնվում, նշանակում է, որ նախնական խոսակցություն եղել է «Գազպրոմ»-ի կողմից, ինչը տվել է հնարավորություն մեր կառավարությանը այդ մասին բարձրաձայնելու, որպեսզի հետագայում, երբ գազի գինը նվազեցնեն, «Գազպրոմ»-ը ունենա բացատրություն, որ գազի գնի սպառման, ժողովրդի վճարունակության խնդրի ու  Հայաստանի կառավարության խնդրանքի արդյունքում է, որ համաձայնել են նվազեցնել գազի գինը»,- ասաց Բոստանջյանը՝ հավելելով, որ եթե ՌԴ-ն միակողմանի որոշում կայացներ՝ նվազեցնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, ապա մյուս երկրները նույնպես խնդրելու էին նվազեցնել իրենց մատակարարվող գազի գինը:

Տնտեսագետը, փաստորեն, կարծում է, որ առաջիկայում պետք է սպասել լավ լուրերի, որովհետև կառավարությունը հենց այնպես չէր բարձրաձայնի դրա մասին, եթե դրա թույլատվությունը վերևից չունենար: