կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 17:00
Քաղաքական

Միջնորդ կազմակերպությունները դուրս կգան. Միքայել Մելքումյան

Միջնորդ կազմակերպությունները դուրս կգան. Միքայել Մելքումյան

Մասնավոր հիմնարկը պետականացվո՞ւմ է, այդպիսի բան չկա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով մամուլում հայտնված այն տեղեկություններին, թե բրոքերային գրասենյակները պետականացվում են:

Պատգամավորը նշեց, որ որոշակի ապրանքների հետ կապված մաքսազերծման աշխատանքները, որոնք միայն բրոքերային գրասենյակների միջոցով էին լինում, հիմա չեն լինելու ուղղակի: «Դա չի նշանակում, որ պետականացվում է, դա նշանակում է՝ միջնորդները դուրս են գալու, մարդիկ միջոցներ են խնայելու, որովհետև բրոքերային գրասենյակներին փող էին վճարելու, իսկ այս պարագայում չեն վճարի»,- ասաց մեր զրուցակիցը:

Մելքումյանը այս քայլը դրական է համարում: «Սա կտա այն, որ միջնորդ կազմակերպություններ չեն լինի, որոնց տնտեսվարողը փող կմուծի: Ինչի՞ համար բրոքերային գրասենյակին տա, եթե ընթացակարգը կարելի է պարզեցնել, որպեսզի ներկրողն ինքն այդ ամեն ինչը անի»,- շեշտեց նա:

Պատգամավորը նշեց, որ բրոքերային կազմակերպությունը մաքսազերծման և մաքսային ծառայության մատուցման ամբողջ աշխատանքն անելու համար է և դրա դիմաց փող է ստանում, իսկ հիմա այդ փողը ուղղակի չի գնա դրանց, և դա նորմալ է: Ըստ նրա՝ դա կարող է լինել այն ժամանակ, եթե պարզեցվի մաքսային ընթացակարգը: «Այս պահին ամենակարևոր չլուծված խնդիրը հսկիչ գներն են»,- հավելեց նա:

Մելքումյանի խոսքով` եթե ներկրողն ապրանք է բերում, և նրան ասում են` չէ, այս գնով չէ, ներկրողը կներկայացնի ինվոյսը և կասի, որ սա է գինը, և որ ինքն ունի հսկիչ գին: «Այսպես պետք է մաքսազերծել: Իհարկե՛, բյուջեն այդտեղ կտուժի, բայց այդպես արդարություն և մրցակցություն կլինի»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ դրական է գնահատում այդ որոշումը, բայց պետականացնե՞լ, նման բան չկա: