կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-23 14:18
Տարածաշրջան

Բացառիկ մեկնաբանություններ Սիրիայում տեղի ունեցողի և հայ համայնքի մասին

Բացառիկ մեկնաբանություններ Սիրիայում տեղի ունեցողի և հայ համայնքի մասին

Երկուշաբթի օրը Սիրիայի Հալեպ քաղաքում հրետանային բախումներ են սկսվել Սիրիայի կենտրոնական կառավարության ուժերի և քրդական ուժերի միջև, որոնք, ըստ Դամասկոսի հետ կնքված համաձայնագրի, պետք է մինչև տարեվերջ ինտեգրվեին սիրիական բանակի մեջ։ Երկու կողմերից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ փոխհրաձգության ժամանակ զոհվել է առնվազն 3 մարդ, բոլորը՝ քաղաքացիական անձինք, իսկ 25-ը վիրավորվել են։

Ինչպիսի՞ իրադրություն է Սիրիայում և, հատկապես, հայկական համայնքում։ Հալեպի «Գանձասար» պարբերականից Yerkir.am-ի հարցերին ի պատասխան՝ հայտնեցին, որ լարուածութjան հիմնական պատճառը 2025 թ․ մարտի 10-ին  Սիրիայի  ժողովրդավարական ուժերի (Syrian Democratic Forces) ղեկավարի եւ Սիրիայի   նախագահի միջեւ ստորագրված համաձայնագրի բոլոր կետերի՝ ցարդ գործադրված չլինելն է։

«Տակավին երկկողմ տարակարծություններ կան, որոնք անհրաժեշտ է, որ լուծվեն  մինչեւ համաձայնագրի իրագործման ժամկետի ավարտը (այսինքն,  2025 թ․ ավարտը)։ Բանակցությունները շարունակվում են»,- հայտնեցին «Գանձասարից»։

Հավելենք, որ Սիրիայի  ժողովրդավարական ուժերը (SDF - Syrian Democratic Forces) քրդական ղեկավարությամբ գործող ուժեր են՝ քրդերը և նրանց ներքին ապահովական ուժերը (ոչ թե ուղղակի զինված ուժերը)՝ կենտրոնացած Հալեպի  Շեյխ Մաքսուտ եւ Աշրաֆիե շրջաններում։ Հալեպում այս ներքին ապահովական ուժերին անվանում են «Ասայեշ», նրանք ծանր հրետանի չունեն․ դրանք դուրս էին բերել նախապես համաձայնեցնելով Սուրիայի պաշտպանական ուժերի հետ, սակայն զինված մարտիկներ են։ Արաբերենով նրանց կոչում են «Քասատ», որ նույնն նույնն է SDF-ը՝ անգլերենով։ Հենց վերջիններիս ենթակա ներքին ապահովական ուժերի եւ սիրիական բանակի միջեւ է ներկայիս բախումը։

«Գանձասարից» Yerkir.am-ին նաև հայտնեցին, որ երեկ Դամասկոս էին այցելել Թուրքիայի  արտգործնախարարն ու երկրի հետախուզության ղեկավարը։

«Երկու երկրները գործակցում են ռազմական եւ հետախուզական ոլորտներում։ Այս այցելությունը հավանաբար հարցի լուծումն արագացնելու ազդակ է դարձել։ Սակայն «Քասատ» (SDF) - Սիրիայի ղեկավարություն համաձայնությունը մնում է ներքին սիրիական հարց։ Թուրքիան քննարկում է սիրիական բանակի հզորացման հարցը եւ այս առումով համագործակցությունը»,- նշեցին «Գանձասարից»՝ հավելելով, որ սիրիական բանակը ծանր հրետանի բերեց, հետո հետ քաշեց, և սկսվեցին բանակցություններ, որպեսզի Հալեպի բնակելի թաղամասերի մեջ մարտեր տեղի չունենան։

Ինչպիսի՞ իրադրություն է ստեղծված Սիրիայի հայկական համայնքում։ «Գանձասարից» Yerkir.am-ին փոխանցեցին, որ Հալեպի Ազգային Առաջնորդարանը հայ համայնքին հորդորել է բնակարաններից դուրս չգալ մինչեւ կացության հանդարտվելը՝ նկատի ունենալով, որ բախման շրջանը գտնվում է հայաբնակ շրջանների՝ Նոր Գյուղին, Շեյխ Թահային, Վիլլաներին հարող տարածքում։

«Համայնքում վիրավորներ կամ զոհեր չկան։ Այսօր Հալեպի նահանգապետի հայտարարությամբ պայմանավորված, բոլոր դպրոցներն ու համալսարանները, ինչպես նաեւ պետական հաստատութիւնները փակ են»,- եզրափակեցին «Գանձասար» պարբերականից։

 

Վահե Սարգսյան