Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսեց տնտեսական առաջնահերթությունների մասին: Նա նախ նշեց, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ` կապված Ռուսաստանին առնչվող քաղաքական ու տնտեսական զարգացումների, նավթի գնի կտրուկ գնանկման, ռուբլու արժեզրկման հետ:
«2015-ին 500 միլիոնից ավելի տրանսֆերտներ չստացանք` կապված ռուբլու արժեզրկման հետ: Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի նրան, որ մեր հայրենակիցների մի մասի համար ուղղակի ձեռնտու չի լինի աշխատել Ռուսաստանում: Ուստի պետք է կարողանանք ճիշտ կանխատեսել արտաքին զարգացումները, երբ դրսի սպառնալիքները ուժեղանան: 4-5 պարզ քայլերով կառավարությունը պետք է ցույց տա, որ կարողանալու ենք հաղթահարել տնտեսական մարտահրավերները»,- ասաց պատգամավորը` թվարկելով այդ չորս քայլերը: Դրանից առաջինը շատ հստակ հակամենաշնորհային քաղաքականությունն է, որը ոչ թե խոսքերով պետք է լինի, այլ գործով, այն է` հստակ վերացնել մոնոպոլիաները և օլիգոպոլիաները` ցուցաբերելով կամք: Երկրորդը հակակոռուպցիոն քաղաքականությունն է, և եթե այն վարվի ճիշտ ձևով, մեծ արդյունավետություն կունենա: Երրորդ քայլը ներդրումների պաշտպանության խնդիրն է, որովհետև այսօր կառավարությունը պետք է ստեղծի հնարավորություն ներդրողների կապիտալի տեղաշարժման համար: Չորրորդ քայլը, ըստ պատգամավորի, արտահանման խրախուսման քաղաքականությունը պետք է լինի, վարկային արդյունավետ քաղաքականությունը, որտեղ կառավարությունը պետք է սուբսիդավորի արժույթի տատանումների հասցրած վնասները:
«Կառավարությունը և ԱԺ-ն պետք է կանգնած լինեն ցանկացած արտադրողի կողքին, մենք իրավունք չունենք կորցնելու արտադրողներին, ներդրողներին: Շուկաներ ստեղծող արտադրողներին պետք է փայփայել»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` 1 միլիոն 400 հազար դոլար վարկ կա Հայաստանում, դրանից գյուղատնտեսական վարկերը 60 հազարն են, արդյունաբերական վարկերը` 27 հազարը: Մելքումյանն առաջարկում է իրականացնել վարկային ամնիստիա ոչ թե սպառողական, այլ արդյունաբերական ու գյուղատնտեսական վարկերի մասով, հակառակ դեպքում` Հայաստանը կկորցնի իր արտադրողներին:
Անդրադառնալով վերջերս վարչապետի հանձնարարությամբ ստեղծված արտահանման խորհրդին` պատգամավորը կարևորեց դրա դերը` ասելով, որ այդ խորհուրդը նպատակ ունի հեշտացնել արտահանողների գործը և արագ արձագանքել արտահանողների խնդիրներին:
Միքայել Մելքումյանի խոսքով` կարևոր է, որ կառավարությունը անցնի օպերատիվ կառավարման ռեժիմին: «Ռուսաստանը հստակ գնում է ծախսերը կրճատելու ճանապարհով, և կարևոր է, որ մենք էլ կարողանանք օպտիմալացնել ծախսերը: Կողմ եմ, որ խստագույնս օպտիմալացվեն պետական ծախսերը»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, որ ծախսերը կրճատելու ուղղությամբ նշաններ անգամ չեն երևում, պատգամավորը չհամաձայնեց` ասելով, որ շատ շուտով կառավարությունը գնալու է օպտիմալացման, ընդ որում` այդ օպտիմալացումը լինելու է նպատակային: