կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-14 15:25
Հասարակություն

Ավելի լավ է` Հայրենիքում չոր հաց ուտեմ, քան դրսում ճոխ սեղաններ կիսեմ. հալեպահայ Ավոն հաստատվել է Հայաստանում

Ավելի լավ է` Հայրենիքում չոր հաց ուտեմ, քան դրսում ճոխ սեղաններ կիսեմ. հալեպահայ Ավոն հաստատվել է Հայաստանում

«Ավելի լավ է` Հայրենիքում չոր հաց ուտեմ, քան դրսում ճոխ սեղաններ կիսեմ»,-ասում է 21-ամյա Ավետիս Սարիմանուկյանը, ով Հալեպից Հայաստան է տեղափոխվել 2014 թվականին՝ պատերազմի տարիներին: Ներգաղթելիս ծնողները, քույրը նրա կողքին չեն եղել, սակայն երկու տարի անց միացել են նրան՝ Հայաստանում:

Բժշկական համալսարանի ատամնատեխնիկության բաժինն ավարտած Ավոն Հայաստանում ապրելու առաջին տարիներին դժվարությունների հետ է առնչվել, սակայն դրանից չի բողոքում: «Դժվարությունները գիտակցելով` եկա, իսկ գիտակցումը թեթևացնում է բեռը»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դեռևս 6-րդ դասարանում ՀՅԴ Սիրիայի պատանեկան միության անդամ դարձած երիտասարդի խոսքով՝  Հայրենիք տեղափոխվելու իր հստակ որոշման մեջ կուսակցությունն ու նրա գաղափարախոսությունը մեծ դեր են ունեցել: «Միութենական կյանքում տարիներ շարունակ մեզ սովորեցրել են, թե հայի կյանքում որն է առաջնահերթ՝ Հայաստան, Արցախ, հայ զինվոր: Սիրիայում դա միայն տեսական կողմն էր, հիմա գործնականի հերթն է: Ամենադժվար օրերին ինձ ձեռք են մեկնել այս միության անդամները, որոնք ժամանակի ընթացքում դարձան իմ մտերիմ ընկերները: Գաղափարը, որով դաստիարակվեցի, նպաստեց այստեղ ապրելու` իմ որոշմանը»,- պատմում է Ավոն՝ հավելելով, որ ավելի լավ է «դժվարություններով լի Հայաստանում» մնալ, քան մեկ այլ երկիր գնալ, ուր չգիտես՝ մի օր «կդառնա Սիրիա, թե` ոչ»:

Նրա խոսքով՝ բոլոր երկրներում էլ դժվարություններ կան, բնականաբար, Հայաստանում` նույնպես: Համոզված է՝ այստեղ դժվարությունները միայն սիրիահայերի համար չեն, դրանց հետ առնչվում են նաև տեղացիները: «Ինչո՞ւ, ԱՄՆ, Կանադա կամ այլ երկիր արտագաղթած սիրիահայը չի՞ առնչվում դժվարությունների հետ: Իհարկե, առնչվում է, դեռ մի բան էլ` ավելին: Այդ ո՞ր երկրում են ուսանողներին ուսման վարձով ապահովում, անվճար բուժում ստանալու հնարավորություն ընձեռում, բազմաթիվ առավելություններ տալիս, ինչպես Հայաստանում»,- ասում է երիտասարդը ու պատմում համալսարանում իր հետ կատարված դեպքերից մեկի մասին:

«Գնացի՝ համալսարանի վարձիս չափն իմանալու: Ասացին՝ 300.000: Հետաքրքրվեցի, թե ինչքա՞ն ժամանակում և որքա՞ն պետք է վճարեմ, սակայն երբ իմացան Սիրիայից եմ, ուղղորդեցին մի կազմակերպություն, որը վճարում էր սիրիահայ ուսանողների ուսման վարձի 80 տոկոսը: Դա դեռ բավական չէ՝ նոր որոշում ընդունվեց` վճարել նաև մնացած 20 տոկոս վարձի 50 տոկոսը: Այսինքն՝ ուսանողին մնում է փակել ուսման վարձի մոտ 10 տոկոսը»,- պատմում է Ավոն:

Երիտասարդի խոսքով՝ շատերը չեն պատկերացնում այստեղի կյանքը կամ չեն ցանկանում պատկերացնել: Հիշում է ևս մեկ դեպք. երբ 2008 թվականին Հայաստան զբոսաշրջական այցից հետո վերադառնում է Հալեպ, հանդիպում իր ծանոթներից մեկին, ով դժգոհում է հայաստանյան՝ միրգը հատով գնելու երևույթից:

«Պատմեց, որ Հայաստանում միրգը հատով են գնում, ինչը, նրա համոզմամբ, երկրի՝ վատ վիճակում լինելու վառ ապացույցն էր: Անցան տարիներ, իսկ հիմա պատերազմական Հալեպում են հատով գնումներ կատարում»,- ասում է Ավոն՝ վստահեցնելով, որ հատով գնելը դեռևս վատ ու լավ ապրելակերպի կամ երկրի վիճակի հետ կապ չունի:

Ընտանիքի հետ միավորված Ավոյի համար այժմ կյանքը նույնը չէ, ինչ Հայաստան ներգաղթելու առաջին տարիներին: Հայրը Հալեպում աշխատել է ավտոմեքենաների սպասարկման կենտրոնում, այստեղ նույն գործով է զբաղվում: Մայրը, ինչպես Հալեպում ապրող շատ հայ կանայք, եղել է տան տնտեսուհի, բայց Հայաստան գալուց հետո աշխատում է` որպես դիմահարդար: «Ես Հալեպում չէի աշխատում, բայց Հայաստան գալուց հետո աշխատեցի սրճարանում: Եթե Հալեպում այդ գործն անեի, շատերի կողմից քննարկման առարկա կդառնայի, չէ՞ որ մեր հասարակությունում ընդունված չէ:  Բայց հարկ եղած դեպքում մարդ մատուցող էլ կարող է աշխատել, ապրուստն էլ ինչպե՞ս ապահովել»,- ասում է Ավոն:

Նա առանձնապես շնորհակալ է Հայաստանի կառավարությանը սիրիահայերին պատերազմի առաջին իսկ պահից օգնելու համար: «Պատերազմի սկզբին՝ դեռևս Կարմիր խաչի օգնությունից առաջ, Հալեպ հասավ «Օգնիր եղբորդ» կազմակերպության օգնությունը, որը բաժանվեց բնակչությանը՝ առանց որևէ խտրականության, առանց հարցնելու՝ հայ, մուսուլման: Գնահատանքի է արժանի սահման պահելու, Արցախի խնդիր ունեցող այս երկիրը, որը կարողանում է բյուջե տրամադրել` իր հայրենակիցներին օգնելու համար: Ու իսկապես կապ չունի, թե նրա տրամադրած օգնությունն ինչքան է, կարևորն այն է, որ նախաձեռնում է ամեն հնարավորը՝ պատերազմում գտնվող իր հայրենակիցներին և երկրում ապաստանածներին օգնելու համար»,- ասում է Ավոն:

Արդեն համատարած տրվող հարցին` մտադրություն ունի՞ հեռանալ Հայաստանից, թե՞ ոչ, Ավոն կտրուկ պատասխանում է. «Ո՛չ, ընտանիքս՝ չգիտեմ, բայց ես մնալու եմ և ընտանիք եմ կազմելու հենց Հայաստանում»:

Արազ Գայմագամեան