կարևոր
8026 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-24 13:45
Քաղաքական

Կարճ ժամանակում Ռուբեն Վարդանյանը դարձել է պայքարի սիմվոլը և նրան հեռացնելը լավ բան չի հուշում․ Արթուր Մոսիյան

Կարճ ժամանակում Ռուբեն Վարդանյանը դարձել է պայքարի սիմվոլը և նրան հեռացնելը լավ բան չի հուշում․ Արթուր Մոսիյան

Արայիկ Հարությունյանն իբր բացատրություն է տվել, թե ինչու է ազատել Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից, բայց, այդ և՛ Ալիևի, և՛ Նիկոլի պահանջն էր, ես միշտ ասել եմ, որ Ղարաբաղին վերաբերվող ցանկացած հարցում նրանք սինխրոն գործում են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմանը, որով Ռուբեն Վարդանյանն ազատվեց Արցախի պետնախարարի պաշտոնից։

«Եթե մարդիկ դա չեն տեսնում, դա իրենց մեղքն է։ Իսկ Արայիկ Հարությունյանը, թե ում պահանջն է կատարել` Նիկոլի, թե՝ Ալիևի, նա դրա բացատրությունը տվել է, որը մեզ չի բավարարեցնում»,- ասաց նա։

Խմբակցության ղեկավարը նշեց, որ շատ կարճ ժամանակում Ռուբեն Վարդանյանը դարձել է պայքարի սիմվոլը․ «Դա է ապացուցում դեկտեմբերին 25-ին տեղի ունեցած մի քանի տասնյակ հազարանոց հանրահավաքը։ Արցախի ժողովուրդը ընտրել է այդ ուղին, և Ռուբեն Վարդանյանը դարձել էր պայքարի սիմվոլը և նրան հեռացնելը լավ բան չի հուշում և սխալ է մեր կարծիքով»,- ասաց նա։

ՀՅԴ-ական գործիչը կարծում է, որ Փաշինյանն իշխանության է բերվել Արցախը հանձնելու նպատակով և քանի գնում է, բոլորը համոզվում են դրանով․ «ՔՊ-ականները բերվել են որոշակի խնդիրներ լուծելու համար, բայց վախենամ, որ Արցախով չի բավարարվի և նույնը կլինի մնացած տեղերում, եթե ժողովուրդը ուշքի չգա և այդ ազգակործան պատուհասներին չվռնդի»,- ավելացրեց պատգամավորը։

Անդրադառնալով Հաագայի դատարանի կայացրած միջանկյալ որոշմանը քաղաքական գործիչը նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որոշումը ինքն իրեն կյանքի չի կոչվելու․ «Կանեն, թե չեն անի, դա երկրորդական հարց է։ Խաղաղություն մուրացող, հանուն իր իշխանության ամեն ինչի համաձայնող իշխանության դեպքում և՛ Հայաստանը, և՛ Արցախը որևէ հաջողություն չեն ունենալու»։

Արթուր Մոսիյանը հավելեց, որ Արցախը իր 70-ից ավել օր բլոկադայի ընթացքում ապացուցեց, որ հումանիտար կամ այլ խնդիրները իհարկե դժվար են, բայց ամենակարևոր հարցը Արցախի ապագայի հարցն է, և ցանկացած արցախցի մտածում է միայն այդ ուղղությամբ․ «Նիկոլի և իր խունտայի վարած քաղաքականությունը ոչ մի արցախցու վստահություն չի ներշնչում։ Հայաստանի իշխանությունները որևէ կապ չունեն թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հիմնարար իրավունքների հետ։  Շատ կարճ ժամանակ հետո ժողովուրդը դրանում կհամոզվի։ Մի մարդ, որ ասում է, որ այս սարը մեզ պետք չի, ինչ ասես դրան»,- ասաց նա։