կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-07 19:02
Սպորտ

Ֆուտբոլիստներն ամբողջովին պետք է նվիրվեն խաղին․ Վարուժան Սուքիասյան

Ֆուտբոլիստներն ամբողջովին պետք է նվիրվեն խաղին․ Վարուժան Սուքիասյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Մունդիալ-2018-ի ընտրական փուլում վաղը սեփական հարկի տակ կմրցի Ռումինիայի հավաքականի հետ։ Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

-Նշել էիք, որ Մխիթարյանի ներկայությունը հոգեբանական առումով մեծ ուժ կտա Ձեզ և ֆուտբոլիստներին։ Հիմա, երբ պարզ դարձավ որ Մխիթարյանը չի մասնակցելու խաղին, հոգեբանական ի՞նչ վիճակ է թիմի ներսում։

-Ֆուտբոլիստները բոլորը պատրաստ են` իրենց հնարավորությունների սահմաններում։ Վաղը պետք է ամբողջությամբ նվիրվեն խաղին։

 -Նախորդ խաղերի համեմատ հարձակվողներն ավելի քիչ են։

-Ես նայում եմ բոլոր ֆուտբոլիստներին և հնարավոր չէ ինչ-որ մեկին բաց թողնել։ Դուք իրավունք ունեք պահանջելու և հարցեր տալու, թե ում չեմ հրավիրել և ինչու։ Այդ ֆուտբոլիստների երևի 80-90 տոկոսը խաղային պրակտիկա չունի։ Այն ֆուտբոլիստները, ովքեր ունեն խաղային պրակտիկա, և նույնիսկ եթե  հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում, նրանք ավելի լավ հանդես կգան։

-Արազ Օզբիլիսը նույնպես վերջին ժամանակներս իր թիմում խաղաժամանակ չի ստանում։

-Օզբիլիսն իր փորձով մեծ օգուտ կտա մեզ։

-Մխիթարյանի բացակայությունը լրացուցիչ շարժառիթ կլինի՞ տղաների համար։

-Մարզական բախտը մեզ համար այնքան էլ բարի չի գտնվում։ Սպասենք վաղվա խաղին։

- Ինչպե՞ս եք գնահատում մեր թիմի շանսերը վաղվա խաղում։

-Լավատեսորեն եմ տրամադված։ Մարտական ոգին չի բացակայում։  

-Ոչ-ոքի արդյունքը կբավարարի՞ ձեզ։

-Այդ հարցին դուք պետք է պատասխանեք։