կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 16:35
Սպորտ

Մեր ազգի, մեր ֆուտբոլի համար ես ամեն ինչի պատրաստ եմ. Վարուժան Սուքիասյան

Մեր ազգի, մեր ֆուտբոլի համար ես ամեն ինչի պատրաստ եմ. Վարուժան Սուքիասյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բեռնար Շալանդի մարզչական աշխատանքին, մասնավորապես նրա՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն, կարծիք հայտնեց, որ ֆեդերացիան այդ մասով ճիշտ որոշում է կայացրել, հետո հավելեց, որ մարզչին իր արդյունքների, նվաճումների համար են գնահատում: «Ես հաստատ հրաժարական կտայի»,- ասաց Սուքիասյանը:

 

«Իսկ եթե Ձեզ առաջարկեն զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը, կհամաձայնե՞ք»,- հետաքրքրվեցինք նրանից: «Մեր ազգի, մեր ֆուտբոլի համար ես ամեն ինչի պատրաստ եմ»,- ասաց Սուքիասյանը:

 

Դիտարկմանը, թե պատրաստ է թողնել անգամ իր ղեկավարած ՊՈԱԿ-ը (Սուքիասյանը «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի, այլ կերպ ասած` թաղման բյուրոյի նախագահն է), պատասխանեց, որ դա «ղեկավարության որոշելիքն է»:

 

Սուքիասյանն ընդգծեց նաեւ, որ եթե առաջարկություն լինի, ամեն ինչ կախված կլինի նաեւ բանակցություններից: Ասաց, որ այս պահին դեռ նման առաջարկություն չկա: Նաև հայտնեց, որ գոհ է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի աշխատանքից:

 

«Այսօր ամեն պայման ֆեդերացիան ստեղծել է: Երբեք նման լավ վիճակ չի եղել: «Ոչ» բառը չկա, մնում է, որ մեր տղաները խաղան: Այսօր մեր թիմի առաջին խնդիրն այն է, որ տղաները լավ մարզավիճակում չեն: Դա կախված է նրանից, որ շատերը խաղային մարզավիճակից զրկված են: Հետո հոգեբանական խնդիրներ էլ կան: Բայց ես մի բանում վստահ եմ, որ պետք չէ հուսահատվել: Մենք ունենք ունակ եւ ուժեղ հավաքական: Կարելի է սթափվել եւ հավաքվել»,- ասաց Սուքիասյանը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե, այդուհանդերձ, շատերը գլխացավանք են համարում գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելը, նման ակնարկ իր հարցազրույցներից մեկում արել է նաեւ «Արարատ-73»-ի դարպասապահ, «Արարատ-2»-ի դարպասապահների մարզիչ Ալյոշա Աբրահամյանը (խմբ. – ասել է՝ գլուխս ցավի տակ չեմ դնի), Սուքիասյանն արձագանքեց. «Սա ազգի խնդիր է, ոչ թե անձի: Ես նման մտածելակերպ չունեմ: Ես որքան աշխատել եմ, աշխատել եմ լինել լիդեր, աշխատել եմ լինել չեմպիոն, աշխատել եմ մարտական բնավորությամբ»:

 

Ի դեպ, Yerkir.am-ի տեղեկություններով` ֆուտբոլային աշխարհում լուրեր են շրջանառվում, որ Սուքիասյանը գլխավոր մարզչի պաշտոնի ամենահավանական թեկնածուների թվում է:

 

Լուսանկարը` Armsport.am-ի