|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե հավատո՞ւմ են կառավարության իրականացրած փոփոխություններին, ասաց. «Երկու հազար տարի, առանց տեսնելու, հավատացել ենք, հիմա պիտի տեսնենք, նոր հավատանք: Արդեն քսան օր է, կառավարություն է ձևավորվել, դեռ արդունքներ չկան, իսկ խնդիրները շատ են»:
Լրագրողները հարցրեցին, թե ինչո՞ւ Լյովա Խաչատրյանը կողմ քվեարկեց ԿԸՀ նախագահի թեկնածությանը, տեսե՞լ էր նրա գործի արդյունքները, պատգամավորը պատասխանեց, որ նրա աշխատանքի արդյունքները տեսել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ և կողմ է քվեարկել, իսկ ԿԸՀ մնացած անդամների աշխատանքը չի տեսել, դրա համար էլ ձեռնպահ է քվեարկել:
Հարցին, թե վերջերս հանդիպե՞լ են Գագիկ Ծառուկյանի հետ և ի՞նչ են քննարկել, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ շատերը Գագիկ Ծառուկյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ են, նա կուսակցության հիմնադիրն է, և նրա հետ հանդիպումները պետք չէ դարձնել քննարկման առարկա:
Հարցին, թե արդյո՞ք այդ հանդիպումների ընթացքում Գագիկ Ծառուկյանը խոսում է քաղաքականությունից, և արդյո՞ք ստորագրություններ են հավաքվում` նրա վերադարձի խնդրանքով, Լյովա Խաչատրյանը պատասխանեց, որ ստորագրություններ չեն հավաքվում, և որ Ծառուկյանը միշտ էլ խոսում է քաղաքականությունից` որպես երկրի ճակատագրով մտահոգ ՀՀ քաղաքացի:
Իսկ թե ինչո՞ւ են ԲՀԿ տարածքային կառույցները մինչև օրս իրենց պատերին կախում Ծառուկյանի լուսանկարը: Լյովա Խաչատրյանը նշեց, որ շատ տրամաբանական է, որ կուսակցության հիմնադրի նկարը մինչ այժմ կա ԲՀԿ գրասենյակներում: «Կարծեմ` երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի նկարն էլ մինչ օրս կա ՀՀԿ գրասենյակներում: Լենինի նկարն էլ միշտ ներկայացնում էին կոմունիստների գրասենյակներում»,- ասաց նա: