կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-05 16:20
Հասարակություն

Ավտոմեքենաներ և համակարգիչ` լավագույններին. Ուսուցչի օրը նշեցին պարգևատրումներով

Ավտոմեքենաներ և համակարգիչ` լավագույններին. Ուսուցչի օրը նշեցին պարգևատրումներով

Այսօր Ուսուցչի օրն է: Ասում են` վատ ուսուցիչներ չեն լինում, լինում են վատ աշակերտներ, սակայն լավերի մեջ կարող ենք առանձնացնել լավագույններին: Այսօր ոլորտի լավագույնները պարգևատրվեցին: «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթողներին նվիրեցին ավտոմեքենա, իսկ «Տարվա լավագույն տնօրեն»-ին` համակարգիչ:

«Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչվեց Արարատ Մովսիսյանը` Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչը: Նա նշեց, որ ավտոմեքենա չուներ, վարել էլ չգիտի, բայց առաջիկայում կսովորի:

«Մինչև վերջին պահն էլ չէի հավատում, որ կարող էի մրցանակի արժանանալ: Մրցանակի արժանացա, քանի որ մրցույթը կազմակեպված էր արդարության սկզբունքով, իսկ արդարությունն այն էր, որ, լինելով հեռավոր տարածաշրջանի ուսուցիչ, մտքովս երբեք չէր անցել, որ կգնահատեն աշխատանքս: Իմ սկզբունքն է` մասնագիտական կարողություններով նպաստել սերնդի մեջ հայրենասիրության դաստիարկմանը: Մրցանակն ինձ այնքան պետք է պարտավորեցնի, որ կրթեմ, դաստիարակեմ ու աշակերտին դարձնեմ լավագույն քաղաքացի»,- ասաց Մովսիսյանը:

Երևանի թիվ 20  հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն էլ արժանացավ «Տարվա լավագույն տնօրեն» մրցանակին: Նա նշեց, որ կարևոր է, որ հենց ուսուցիչներն են, որպես պարգև, ավտոմեքենա ստանում, քանի որ տնօրենը տնօրեն է դառնում ուսուցչով: «Դպրոցի դեմքն ուսուցիչն է, աշակերտը, ծնողը, իսկ տնօրենը դարձել է մենեջերի նման բան: Ինչ վերաբերում է մեր դպրոցին, ապա մենք ներառական կրթություն ենք իրականացնում, և հենց դրա համար էլ առավելությունը մեզ տրվեց, թե չէ` չենք տարբերվում մյուսներից, բոլոր դպրոցներն էլ լավն են: Ուղղակի ներառական կրթության կազմակերպումը մի փոքր ավելի սահուն ու լավ ստացվեց մեր դպրոցում, և այդպես աչքի ընկանք»,- ասաց Խոսրովյանը:

Հարցին, թե դժվա՞ր է աշխատել տարբերվող երեխաների հետ, նա պատասխանեց, որ իրենք երեխաներին չեն տարբերում, բոլորն էլ հավասար են իրենց համար: «Իհարկե, կան դժվարություններ, մանավանդ, որ դասարանների խտությունը 35 աշակերտ է պահանջում, իսկ 35-ից 2-3-ը պետք է կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները լինեն, և պարզ է, չէ՞, որ դասապրոցեսը չի իրականացվի այնպես, ինչպես 25 հոգանոց դասարանում», ասաց Խոսրովյանը` նշելով, որ իր պարգևը` համակարգիչը, տանելու է դպրոց:

Գեղարքունի մարզի Սևան քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզի դաստիարակչուհի Նարինե Հարությունյանն արժանացավ «Տարվա լավագույն դաստիարակ» կոչմանը: Նա շատ հուզված էր, չէր սպասում, որ հենց ինքն է արժանանալու մրցանակին: «Կարծում եմ գնահատվեց իմ անչափ սերը դեպի երեխաները և նվիրվածությունը գործին: 12 տարի է` աշխատում եմ մանկապարտեզում: Երեխաների հետ շփումը դժվար է, բայց` հաճելի: Միշտ իմ առջև նպատակ եմ դրել` առողջ և գիտակից սերունդ դաստիարակել»,- ասաց Հարությունյանը:

Նա, ի դեպ, երկու դուստր ունի, մեծ աղջիկը մանկավարժ է`  տնտեսագիտական ոլորտում:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ուսուցիչներին, նշեց, որ ուսուցիչը Հայաստանում երևի ամենապահանջված մասնագիտությունն է, և չնայած նրան, որ հաճախ դժգոհում ենք այս կամ այն ուսուցչից, բայց այսօրվա իրավիճակում ուսուցիչը շատ մեծ աշխատանք է կատարում:

«Ուսուցիչները կատարում են մեր երկրի անկախության բազայի հենքի ստեղծման կարևոր մի գործառույթ: Ուոսւցիչը նախ և առաջ առաքելություն է. այս իմաստով` այն, որ հասարակությունն ամեն տարի կարևորում է ուսուցչի աշխատանքը` նրանց պարգևատրելով, կարևոր է: Այսօր ինֆորմացիոն դաշտը շատ մեծացել է, և շատ հեշտ է գիտելիք ձեռք բերել տարբեր միջոցներով, այս առումով` ուսուցչի դերակատարումը մեծանում է դաստիարակության, հայրենասիրության, ժամանակակից աշխարհի քաղաքակրթության հենքային ձևաչափեր փոխանցելու իմաստով, երեխաներին սովորեցնելով` դասակարգել առաջնային ինֆորմացիան երկրորդականից»,- ասաց նախարարը:  

Նա նշեց նաև, որ, ցավոք, վերջին շրջանում նաև ուսուցչի հեղինակությունն է անկում ապրել, և հիմա իրենք պետք է անեն ամեն ինչ` բարձրացնելու այդ հեղինակությունը: