կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-12 13:07
Տնտեսական

Անարդյունք պարգևատրումներով մսխվում է պետական աշխատավարձերի համատարած բարձրացման առկա հնարավորությունը

Անարդյունք պարգևատրումներով մսխվում է պետական աշխատավարձերի համատարած բարձրացման առկա հնարավորությունը

2014 թվականից գործում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգը: Այս համակարգի ներդրման հիմնական նպատակը միասնական սկզբունքների վրա հիմնված վարձատրության համընդհանուր կարգավորումների ապահովումն էր, որը պետք է վերացներ տարբեր պետական մարմինների համար՝ մինչ այդ առկա վարձատրության չափերի անհիմն մեծ շեղումները: Իսկ այս շեղումների հիմնական պատճառներից էին տարբեր մարմիններում խրախուսման՝ էապես տարբերվող ֆոնդերի առկայությունը և ըստ այդմ՝ աշխատողների աշխատանքի որակի հետ փոխառնչություն չունեցող պարգևատրումների մեծ տարբերությունները:

Առանցքային փոփոխությունն այն էր, որ պետական բոլոր մարմինների համար աշխատավարձի կառուցվածքում հիմնական բաղադրիչ (առնվազն 70 տոկոս մասնաբաժնով) սահմանվեց պաշտոնային դրույքաչափը` բազային աշխատավարձի և յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված գործակցի արտադրյալը: Բազային աշխատավարձն էլ կապվեց նվազագույն ամսական աշխատավարձի հետ, ըստ որի՝ վերջինիս չափի բարձրացումը պետք է ապահովեր նաև բազային աշխատավարձի աճ: Իսկ պետական ցանկացած մարմնի պարագայում պարգևատրմանն ուղղվող միջոցները չպետք է գերազանցեին տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը:

Իշխանափոխությունից առաջ և հետո, օրվա իշխանությունների բազմաթիվ խոստումներին հակառակ, փաստն այն է, որ 2015 թվականից հետո չի բարձրացել նվազագույն ամսական աշխատավարձը, չի ավելացել նաև բազային աշխատավարձի չափը, որը կապահովեր պետական հատվածում վարձատրության համատարած բարձրացում:

Ի դեպ, ներկա կառավարությունը խոսք էր տվել նաև զարգացնել այս համակարգը, հատկապես՝ միասնականացներ պարգևատրումների հնարավորություններն ու չափերը: Իսկ իրականում դրվագային մոտեցումներով ավելի խորացվում են հանրության համար արդեն անընդունելի դարձած՝ պաշտոնյաների պարգևատրման խնդիրները:

Օրվա իշխանությունները, օգտվելով օրենսդրական ընթացակարգային որոշ բացերից, հետևողականորեն «հմտանում» են պարգևատրումների գործում՝ առաջ բերելով համակարգային նոր խնդիրներ՝ արատավոր նոր դրսևորումներով:

Առնվազն անտեսված են նաև պետական հատվածի վարձատրության գործող համակարգի կարևորագույն հետևյալ սկզբունքները՝

  • վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը,
  • համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը,
  • վարձատրության խտրականության բացառումը,
  • պարգևատրումը՝ ծառայողական գործունեության գնահատման հիման վրա, հատուկ առաջադրանքների, որակյալ աշխատանքի կատարման համար:

Մասնավորապես, նախորդ տարվա վերջին բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ, օրենքի խախտումներով, ինքնապարգևատրվեցին, ինչը բացասական մեծ հնչեղություն ունեցավ հանրության շրջանում: Դրանից հետո՝ այս տարվա ապրիլին,  կառավարության նիստում վարչապետի ներկայացմամբ ընդունվեց կառավարության որոշման մի նախագիծ, որով պետական եկամուտների կոմիտեին տրամադրվեց լրացուցիչ պարգևատրման ֆոնդ՝ 1,5 միլիարդ դրամի չափով: Փաստորեն, կառավարությունը ավելացրեց ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը 3 անգամ՝ այն դարձնելով 2,33 միլիարդ դրամ: Բերված հիմնավորումն էլ վերաբերում էր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանը: Սակայն իրողությունն այն է, որ ՊԵԿ-ը պարգևատրվում է պլանավորվածից ավելի հարկային մուտքերի համար: Ստացվեց, որ կարելի է հնարավորից քիչ պլանավորել, հետո էլ՝ ավելի հավաքել և դրան էլ համապատասխան պարգևատրվել: Իսկ եթե չտա՞ն, ապա կարելի է սպառնալ կոռուպցիայով և հանցավոր անգործությամբ:

Դրան էլ զուգահեռ, վերջին ամիսներին արդեն պրակտիկա են դարձել ամսական պարբերականությամբ առավելագույն պարգևատրումները «ընտրյալներին», որի շրջանակը ներառում է պետական մարմինների ղեկավար կազմը: Փաստորեն, պարգևատրման հիմքում դրվել է ղեկավար պաշտոն ունենալը: Այսպիսով՝ ղեկավար պաշտոն զբաղեցնողների ամսական վարձատրությունը կրկնապատկել են արատավոր պարգևատրումներով:

Իհարկե, առարկայական խնդիր է այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի՝ մեղմ ասած ցածր որակը, որի բացասական հետևանքները պարբերաբար արձանագրվում են: Ակնհայտ է, որ նման մոտեցումը խտրական է և խնդրահարույց՝ պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից:

Առարկայական հարց է առաջանում՝ ո՞ւր մնաց պետական հատվածում կառավարության խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը:

Իրականում վտանգավոր է պետական կառավարման ոլորտներն ու աշխատողներին բաժանել օգտակարների և անօգտակարների՝ պարգևատրումների հիմքում դնելով նրանց կողմից զբաղեցվող պաշտոնը: Ի դեպ, առանց այն էլ պետական կառավարման մարմնի բարձրաստիճան ղեկավարները շուրջ 5-10 անգամ ավելի բարձր հիմնական աշխատավարձ են ստանում տվյալ մարմնի կրտսեր պաշտոններ զբաղեցնողներից:

Հիշեցնեմ նաև, որ գործող օրենքով պետական ծառայողը պարգևատրվում է իր աշխատանքի կատարողականի արդյունքներով, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի համար: Եվ առանձին խումբ բարձրաստիճանների ամսական աշխատավարձը կրկնապատկելու համար պարգևատրման՝ օրենքով սահմանված հիմքեր չկան:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ