կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 20:22
Առանց Կատեգորիա

Հայաստանը «ներխուժում է» Սիրիա

Հայաստանը «ներխուժում է» Սիրիա

Նախօրեին Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Հմեյմիմ ավիաբազայում: Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ նախատեսվում է Սիրիա ուղարկել երկու ինքնաթիռ հումանիտար օգնություն:

Պետք է ենթադրել` առաջին ինքնաթիռը հենց այս հանձնարարության շրջանակներում է ուղարկվել Սիրիա: Բայց այն ուղղված է ոչ թե կոնկրետ սիրիահայ համայնքին, որը վերջին օրերին հայտնվել է ծանրագույն վիճակում, այլ, ընդհանրապես, Սիրիայի ժողովրդին: Դրա  մասին է խոսում երկու հանգամանք: Նախ՝ օգնության փաթեթների վրա առկա է «Խաղաղության ջերմ մաղթանքներով` Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին» գրառումը, ընդ որում` թե\' արաբերեն և թե\' հայերեն: Երկրորդ՝ օգնությունը նախ հասցվել է Հմեյմիմի ռազմական օդանավակայան, որը, ինչպես հայտնի է, Սիրիայում ռուսական ռազմաբազայի հենակետերից է:

Սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կայացած` ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Երևանը քննարկում է Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելման գործընթացում Հայաստանի և Սիրիայի հայկական համայնքի ներգրավման հնարավորությունը: Ընդ որում՝ նրա խոսքերից հասկանալի էր դառնում, որ Հայաստանի ներգրավումը նախատեսվում է Սիրիայում հումանիտար օժանդակության ռուսական նախաձեռնությունների շրջանակներում: Եվ այս իմաստով բոլորովին պատահական չէ, որ օգնությունը տեղափոխող ինքնաթիռը հենց Հմեյմիմում է վայրէջք կատարել:

Երևանի այս քայլը շատ ավելի քաղաքական, քան հումանիտար նշանակություն ունի: Նախ՝ երկու ինքնաթիռ օգնությունը չնչին է` աղետի այն մասշտաբների համեմատ, որ պատուհասել է Սիրիան և նրա ժողովրդին: Այն ընդամենը մեկ կաթիլ է` միջազգային հանրության կողմից ցուցաբերվող` միլիարդավոր դոլարների հասնող հումանիտար օժանդակության համեմատ: Սակայն դրանով Հայաստանը հայտ է ներկայացնում ներգրավվելու սիրիական ճգնաժամի հետևանքների հաղթահարման միջազգային գործընթացում, որը հետապնդում է երկու առանցքային նպատակ: Առաջինն ուղղակիորեն վերաբերում է Սիրիայում հայկական համայնքի գոյությանը, որը Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի: Այդ երկրում հայկական համայնքի կորուստն ուղղակիորեն նշանակում է կորցնել ազգային ու պետական շահերի սպասարկման առումով չափազանց կարևոր հենակետ` ինչպես առանձին վերցրած Սիրիայում, այնպես էլ, ընդհանրապես, մերձավորարևելյան երկրներում ու արաբական աշխարհում: Այս իմաստով Սիրիայի ընդհանրական վերականգնման համատեքստում հայկական համայնքի կենսունակության ապահովումը Հայաստանի հիմնական արտաքին քաղաքական առաջնայնություններից է: Երկրորդ՝ այս հարցում նախաձեռնություն չցուցաբերելը Հայաստանին դուրս է դնում սիրական կարգավորման կոնտեքստից այն դեպքում, երբ վերջինս, իր տարածքի և բնակչության համեմատ, ամենամեծ թվով` մոտ 12 հազար սիրիացի փախստականներ ընդունած երկիրն է:

Այս տարվա փետրվարին, ՄԱԿ-ի նախաձեռնությամբ, Լոնդոնում կայացավ «Օժանդակություն Սիրիային» խոշոր համաժողովը, որին մասնակցում էին աշխարհի գերտերությունների կառավարությունները, Եվրամիության և միջազգային այլ կազմակերպությունների ղեկավարներ: Համաժողովի նպատակն էր Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու համար ֆինանսական միջոցների հանգանակումը: Այդ ֆորումին Հայաստանը հրավիրված չէր: Մինչդեռ Ադրբեջանը, որը ոչ մի առնչություն չուներ ո\'չ Սիրիայի ճգնաժամի և ո\'չ էլ, առավել ևս, փախստականների խնդիր հետ, մասնակցում էր` նախագահ Ալիևի մակարդակով: Հարևան երկրին, փաստորեն, քարտ բլանշ էր տրվում առանց որևէ քաղաքական կամ բարոյական հիմքի, ներգրավվելու սիրիական կարգավորման գործընթացում, որը Բաքուն օգտագործում է սեփական միջազգային վարկանիշը բարձրացնելու համար: Պետք է ենթադրել, որ Երևանի ներկայիս նախաձեռնողականությունը հենց այդ գործընթացներից Հայաստանի օտարումը կանխելուն է միտված: Այլ հարց է, որ կարծես թե այնքան էլ նպատակային ու քաղաքականապես հիմնավորված չի թվում այդ սրբագրումը Սիրիայում Ռուսաստանի հումանիտար նախաձեռնությունների շրջանակներում կատարելու որոշումը՝ վերջին օրերին Հալեպում ռուսական զինուժի իրականացրած գործողություններին տրվող միջազգային գնահատականների, Արևմուտքի և Ռուսաստանի միջև փոխադարձ անվստահության խորացման ֆոնին:

Սակայն, անկախ Երևանի հետապնդած նպատակներից, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի համար խնդիրը կարող է ու պետք է լինի զուտ պրագմատիկ քաղաքականության հարթությունում՝ այս օգնության տրամադրման առումով երկրորդական դարձնելով կոնկրետ սիրիահայության օրհասական վիճակը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Հալեպի համար Սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկչական խմբավորումների միջև ծավալված կատաղի մարտերի, այդ քաղաքի հայաբնակ Նոր գյուղ և Վիլլաներ թաղամասերի ռմբակոծության հետևանքով 10 սիրիահայ է զոհվել, մոտ երեք տասնյակը` վիրավորվել: Փաստորեն, դրված է  հալեպահայության վերջին պատառիկների ֆիզիկական գոյության հարցը: Մինչդեռ Հայաստանի կողմից հատուկ նրանց օգնություն տրամադրելու պաշտոնական որևէ նախաձեռնություն չի ցուցաբերվել: Ընդհանրապես անհասկանալի է՝ ՀՀ կառավարությունը տիրապետո՞ւմ է իրավիճակին, կատարվե՞լ է տեղեկատվության հավաքագրում այն մասին, թե որքան հայ է մնացել Սիրիայում, նրանց ո՞րն  մասն է ցանկանում դուրս գալ կրակե այդ օղակից, ո՞ր մասը դա չի կարողանում իրականացնել հնարավորություն չունենալու պատճառով, ինչպե՞ս կարելի է կազմակերպել սիրիահայերի տեղափոխումը Հայաստան և նրանց` թեկուզ ժամանակավոր վերաբնակեցումը, ինչպե՞ս կարելի է սիրիահայությանը փրկելու կենսական խնդրի լուծմանը մոբիլիզացնել թե\' Հայաստանի և թե\' աշխարհասփյուռ հայության ռեսուրսները: Կառավարության փոփոխությունը, նախընտրական տրամադրությունների հասունացումը, ներքաղաքական օրակարգը, կարծես, բթացրել են այլ, շատ ավելի արժեքավոր, կարևոր բաներ տեսնելու, դրանց մասին մտածելու ունակությունն ու ցանկությունը: Այս ընթացքում պաշտոնական Երևանի կողմից, բացի Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ խորը մտահոգություններից, օժանդակության, առարկայական զորակցության որևէ ուղերձ չի հնչում, էլ չենք խոսում սիրիահայությանն ուղղված թիրախային գործողությունների բացակայության մասին: Եվ եթե նույնիսկ այդ երկու ինքնաթիռ հումանիտար օգնությունն ամբողջությամբ ուղղվի հալեպահայությանը, այն ընդամենը իրավիճակային լուծում է լինելու: Սիրիահայությունը դրա ակնկալիքը չէ, որ ունի Հայաստանից:

Գևորգ Դարբինյան