կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-05 19:50
Առանց Կատեգորիա

Սփյուռքը «ներխուժում է» Հայաստան. արդիականացման հրամայականը

Սփյուռքը «ներխուժում է» Հայաստան. արդիականացման հրամայականը

Սփյուռքն աննախադեպ ակտիվացել է մի կողմից ներհայաստանյան խնդիրների նկատմամբ քաղաքական դիրքորոշում որդեգրելու, մյուս կողմից` հայաստանակենտրոն համահայկական օրակարգ ձևավորելու հարցում:

Երեք ամիս առաջ Սփյուռքում ձևավորվեց «Արդար Հայաստան» կազմակերպությունը, որն իր առջև խնդիր է դրել օժանդակել Հայաստանում  քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանությանը, տնտեսական, քաղաքական գործընթացներում թափանցիկության ապահովմանը: Եթե ի սկզբանե հայտնի չլիներ, որ նախաձեռնությունը Սփյուռքից է, կարելի էր կարծել, թե Հայաստանում նոր քաղաքական կամ հասարակական միավորում է ստեղծվում: Այս նախաձեռնությունը սեպտեմբերից ի վեր պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի հասարակական, քաղաքական ակտուալ խնդիրներին, մարդկանց քաղաքական ու քաղաքացիական ազատությունների պաշտպանությանն ուղղված հայտարարություններով: Օրերս «Արդար Հայաստան» նախագծի հեղինակներից մեկը՝ կանադահայ դերասան Արսինե Խանջյանը, հայտնեց, որ կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնելու Հայաստանի` 2017թ. ապրիլին կայանալիք ընտրություններում: Դրան գրեթե զուգահեռ, հոկտեմբերի 28-ին տարբեր երկրներում ապրող մի խումբ անվանի հայեր «Նյու Յորք Թայմզ» թերթում հրապարակեցին «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերտառությամբ մի հայտարարություն, որը կարելի է համարել Հայաստանի հենքի վրա հայ ժողովրդի գլոբալացման, արդիականացման գաղափարական առանցքի ձևավորման նախաձեռնություն: Նպատակն է Հայաստանը դարձնել «գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ և առաջադեմ հայրենիք»:

Այս գաղափարը գեներացնելու հարթակ է դարձվում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ ՀԲԸՄ-ն: Նախորդ ուրբաթ կազմաերպության 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել էր «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել Սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով քննարկումը, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ֆորումի թե' նախաձեռնումը, թե' թեմատիկան և թե' ձևաչափը լիովին բխում էին «Գլոբալ հայեր»-ի կոնցեպտուալ մոտեցումներից ու հոկտեմբերին արված հայտարարության տրամաբանությունից:

Ինչպիսին էլ լինեն այս նախաձեռնությունների իրականացման թաքնված շարժառիթները, ակնհայտ է մեկ բան` Սփյուռքը ոչ միայն ակտիվանում է, այլև ենթարկվում հետաքրքիր տրանսֆորմացիաների: Սփյուռքն անցյալից շրջվում է դեպի ապագան, վերաիմաստավորում իր գոյության և կենսագործունեության նպատակները՝ ծանրության կենտրոնը պահանջատիրությունից տեղափոխելով «ապագայի Հայաստանի» տեսլականի ձևավորման դաշտ՝ հրաժարվելով կողքից օժանդակողի, դիտորդի իր ավանդական կարգավիճակից: Այսինքն` սկսել է քանդվել դեռ 1990-92 թվականներից ՀՀՇ-ի թեթև ձեռքով ամրապնդված «Հայաստանը միայն հայաստանցիներինն է» կոնցեպտը, Սփյուռքի` որպես Հայաստանում քաղաքական գործոնի մերժման կարծրատիպը:

Պրոցեսներն առայժմ զարգանում են տարերայնորեն, մոտավորապես նման գարնանը ձնհալից վարարած, ափերից դուրս եկող գետի հոսքի: Այն ստիպում է իշխանությանը ոչ միայն հաշվի նստել ավելի ու ավելի շոշափելի դարձող քաղաքական այս գործոնի հետ, այլև նրա տարերային հոսքն ու ներքին էներգիան նպատակային հունի մեջ դնելու կառուցակարգեր մշակել: Ողջ հարցն այն է՝ ինչպե՞ս:  

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ի համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ կանգ առավ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա՝ փաստացի առաջ քաշելով հայաստանյան հասարակական-քաղաքական օրակարգի ձևավորմանը Սփյուռքի մասնակցության և պատասխանատվության ստանձնման մեխանիզմների ձևավորման հրամայականը: «Եկել է պահը, երբ մեկ էական լրացում պետք է կատարենք Հայաստան-Սփյուռք համատեղ աշխատանքում։ Միասնականության և պատասխանատվության համատեղումն է դա։ ...Մենք փոխում ենք սլաքը, ասում ենք՝ այսուհետ մշակված ձևաչափերով միասին ենք աշխատելու, միասին ենք ամրագրելու նպատակադրումները, միասին ենք դեր ստանձնելու, միասին ենք իրականացնելու, և վերջում էլ միասին ենք ասելու ինչը ստացվեց և ինչը՝ ոչ։ Այս ողջ գործընթացում բացառելու ենք չհասկացվածության սուր անկյունները, խուսափելու ենք «մենք ասեցինք, մեզ չլսեցիք» ձևակերպումներով թևաթափ երևույթները, յուրաքանչյուր կարող և ցանկություն ունեցող հայի համար փորձելու ենք գտնել գործելու և պատասխանատվություն ստանձնելու սեփական հատվածը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Ավելի ուշ ՀԲԸՄ 110-ամյակի  շրջանակներում Երևանում կազմակերպված ֆորումի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջադրեց Հայաստանի կառավարման համակարգում Սփյուռքի ներգրավման գաղափարը:

Որոշումների կայացմանը և դրանց իրականացմանը Սփյուռքին մասնակից և համապատասխանատու դարձնելու իմաստով, իհարկե, կառավարման համակարգում ներգրավումը թվում է միանգամայն տրամաբանական: Այս թեման պարբերաբար սրվում է Հայաստան-Սփյուռք երկխոսության ընթացքում: Ինչ-որ բանաձևեր են դրվում շրջանառության մեջ, սակայն մինչև հիմա դրանց ռեալիզացման ուղղությամբ ոչ մի գործնական քայլ չի արվել: Ամենաթարմ օրինակներից մեկը 2011թ. Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդարանի երկրորդ պալատի ձևավորման գաղափարն էր, որը կարճատև հանրային քննարկումներից հետո կարծես անտարբերության մատնվեց: Իհարկե, չի բացառվում, որ ինտեգրացիոն ինչ-որ մոդել ներդնելու քաղաքական որոշում արդեն կա, բայց ամենակարևորն այստեղ ամենևին ձևաչափը չէ:  

Հարցն այն է, թե նախ՝ ինչ խնդիր է դրանով իրականում ուզում լուծել հայաստանյան իշխանությունը, և երկրորդ՝ ի՞նչ է ինքն առաջարկելու Սփյուռքին, ինչպե՞ս է նրա համար դառնալու իսկապես վստահելի: Թե' Սփուռքում և թե' Հայաստանում մարդիկ ուզում են հասկանալ՝ ի՞նչ ուղղությամբ է զարգանալու երկիրը, որո՞նք են նրա երկարաժամկետ, ռազմավարական նպատակները, և ամենակարևորը՝ որքանո՞վ է իր ողջ ենթակառուցվածքային համակարգով՝ (պետական կառավարում, բիզնես մշակույթ, կրթական համակարգ, արդարադատություն և այլն) Հայաստանն ու նրա իշխանությունն ադեկվատ կարծես թե բոլորի համար հասկանալի և ընդունելի հռչակումներին: Որքանո՞վ է հայաստանյան քաղաքական, հասարակական, տնտեսական ու մշակութային էլիտան հանդիսանում համազգային գլոբալ, զարգացած և վարչապետի նշած՝ «ինտելեկտուալ ազգ»-ի ստեղծման համար անհրաժեշտ որակների, արժեքների, իդեալների կրողը և որքանո՞վ է պատրաստ, իրական որակական վերափոխումների գնալով, համապատասխանել արդիականացվող, նպատակասլաց պետության և հասարակության պահանջներին:  

Որքան էլ զարմանալի է, չնայած  նախագահի և վարչապետի արած վերոնշյալ կոնցեպտուալ շեշտադրումներին, նոր կառավարության ծրագրում դրանք ո'չ նպատակների, ո'չ էլ կառուցակարգերի մակարդակով արտացոլված չեն: Այնտեղ գրեթե խոսք չկա նաև արդիականացման, համազգային ներուժի մոբիլիզացման հիմնական մարտահրավերների մասին: Մինչդեռ այդ անալիզից ու խնդիրների ճիշտ և օբյեկտիվ ախտորոշումից է սկսվում ամեն ինչ:  

Գևորգ Դարբինյան