Փոխարժեքներ
19 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: Ընտրախախտումների վերաբերյալ հարցին նա պատասխանեց, որ ընտրական պրոցեսում փոփոխություն կա դեպի լավը, իսկ ահազանգերն ու խախտումները շատ քիչ էին, քան նախորդ ընտրություններին:
«Չկա մի ահազանգ, որի վերաբերյալ չլիներ իրավապահների արձագանքը: Եղել են նաև կեղծ ահազանգեր, որովհետև երբ իրավապահ մարմինները հորդորում էին ընտրախախտումների վերաբերյալ փաստեր ներկայացնել, ապա այդ փաստերը չէին ներկայացնում: Մինչդեռ մեր տեխնոլոգիական դարում ամեն մեկն իր հեռախոսով կարող էր արձանագրել ընտրախախտումը»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ եղած խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Նա նշեց, որ ընդդիմադիր կուսակցություններից մեկը, ով հավակնում էր դառնալ միակ ընդդիմադիրը, այսօր ընդունել է իր պարտությունը, և դա քաղաքակիրթ մոտեցում է` ոչ թե քար նետել հաղթողի վրա, այլ վերլուծել սեփական անհաջողությունները: Շեշտելով, որ ՀՀԿ-ն ամենաառանցքային կուսակցությունն է, Շարմազանովը միաժամանակ հավելեց, որ «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը մնացել է անցյալում, և ՀՀԿ-ն գնում է այլ ուժերի հետ համագործակցելու ճանապարհով: Ըստ ԱԺ փոխնախագահի` դասական ընդդիմադիր կուսակցությունները ֆիասկո ապրեցին, և դրա պատճառներն իրենք պետք է վերլուծեն փնտրեն իրենց մեջ: Նա նկատի ունի խորհրդարանական ընդդիմությանը, ովքեր խոսում են մեծ հավակնություններով, բայց չեն գրանցում որևէ հաջողություն:
«Ամենաիմաստունը ժողովուրդն է. Վանաձորում երկրորդ տեղը գրաված կուսակցությանը փնովում էին, թե իշխանության պրոյեկտ է»,- ասաց Շարմազանովը: