Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Չնայած անցած օրերին խոսվում էր, որ երկկողմ՝ ռուս-ադրբեջանական բանակցություններ են ընթանում Արցախ-Հայաստան սահմանագծին` Հակարի կամրջին, ապրիլի 23-ից ապօրինի տեղադրված անցակետը հեռացնելու հարցով, սակայն կիրակի օրը տեսանյութեր տարածվեցին, որ ադրբեջանցիները սկսել են շահագործել այդ անցակետը։ Ադրբեջանցիների տարածած տեսանյութում տեսանելի է, թե ինչպես են արցախցիներն առանց դիմադրության Հակարի գետի վրա տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետն անցնում` անձնագրային ստուգմամբ և մեքենայի զննությամբ: Հասկանալի է, որ նման իրավիճակում հայտնված ցանկացած ոք դժվար թե ապստամբություն նախաձեռներ զինված հրոսակների դեմ, ադրբեջանցիների ցանկությունն էլ թերեւս դա է, որ աշխարհին ցույց տան, որ արցախցիները դեմ չեն նոր ռեժիմին, իրենք էլ Արցախը բլոկադայի մեջ չեն պահում` մարդիկ հանգիստ ելումուտ են անում։
Դեպքից ժամեր անց, անդրադառնալով տեսանյութին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նշել է, թե ՀՀ-ից «իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների, վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար»: Պետնախարարը հավաստիացրել է իբր Արցախի իշխանությունների համար եւս անակնկալ է եղել, որ անցակետն արդեն գործում է։
«Միանգամից ասեմ, որ պետնախարարի այս մեկնաբանությունը համոզիչ չէ հենց միայն այն տեսանկյունից, որովհետև մեկ շաբաթ է մամուլում, սոցիալական ցանցերում հազարավոր նյութեր, տեսանյութեր և ֆոտոշարքեր էր շրջանառվում ադրբեջանցիների տեղակայած անօրինական անցակետի վերաբերյալ և դժվար թե այդ հատվածով երթևեկած քաղաքացիները նախապես դրա մասին չիմանային», - կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, հիմնավորելով․ «ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս` մինչև ադրբեջանական անցակետ, ծառայություն են կրում արցախցի ոստիկանները, հարակից հատվածներում, սահմանագծի պահպանությամբ ծառայություն են կրում ՀՀ սահմանապահ զորքերը, որոնք բնականաբար տեղյակ էին իրավիճակից: Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե ադրբեջանական ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները, առանց որոնց թույլտվությամբ կամ համաձայնությամբ բացառված է Արցախի կամ Հայաստանի գրանցում ունեցող անձանց անցումը դեպի Արցախ կամ միջանցքի այն հատված, որտեղ տեղակայված է ադրբեջանական անցակետը: Արցախի իշխանությունը, իսկ այս դեպքում, կոնկրետ պատասխանատուն` նախագահը, պետք է պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածության, ինչ քաղաքական որոշման հետևանքով է տեղի ունեցել այս գործընթացը, որովհետև սա խաղաթուղթ է դառնալու ադրբեջանցիների համար, միջազգային հարթակներում «հիմնավորելու», որ միջանցքը իբր բաց է, շրջափակում չկա, իսկ արցախցիները պատրաստ են ապրել ադրբեջանական օրենքների շրջանակներում»:
Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է.
«Անցակետի գործարկումն այնքանով անակնկալ չէր, որ արդեն մեկ տարուց ավելի արցախցիներն ականատես են լինում, թե ուր է տանում ՀՀ իշխանությունը Արցախը․«Իսկ այս խնդրով բանակցությունների ֆորմատից արդեն ամեն ինչ կարելի էր ակնկալել, երկկողմ բանակցություններ, որտեղ հայկական կողմ չկար, ընդ որում՝ ռուսական կողմն էլ ներկայացնում էր ոչ թե իշխանության ներկայացուցիչը, այլ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից»։
Հակոբյանի դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունները տեւական ժամանակ է Արցախի հարցը փորձում են դիտարկել հումանիտար, այլ ոչ թե քաղաքական դաշտում եւ բոլոր քայլերի պատասխանատու են հռչակում ռուսական կողմին, մինչդեռ պատգամավորի խոսքով պայմանագրի բոլոր կողմերը պետք է կրեն պատասխանատվություն․ «Դեռեւս պատերազմից հետո՝ դեկտեմբերի 3-ից, եռակողմ հայտարարությունն արդեն իսկ չեղարկվել է կողմերից մեկի՝ Ադրբեջանի կողմից, մյուս կողմը, կարելի է ասել, չկա որեւէ գործընթացում՝ խոսքը հայկական կողմի մասին է, դրան զուգահեռ հայկական կողմը հետեւողականորեն հայտարարություններ է անում, որ արցախյան հարցն իրենց համար արդեն փակված է, գուրգենարսենյաններով եւ մյուսներով առաջ են տանում հակահայկական գործընթացը եւ այս պարագայում մենք պետք է այլ բան ակնկալե՞նք, կամ ինչո՞ւ պիտի պատասխանատվությունը միայն ռուսական կողմի վրա դնենք»։
ԱՀ պատգամավորի կարծիքով, չնայած ոչ ՀՀ, ոչ ԱՀ իշխանություններից ակնկալիքներ չունի Արցախի ժողովուրդը, այդուհանդերձ ստեղծված իրավիճակում չպետք է խժդժություններ հրահրել։ «Արցախի ժողովուրդն իր անելիքները գիտի եւ անում է»,- ասաց Հակոբյանը, հիշատակելով «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը։
Նշենք, որ կիրակի օրը շարժման պահանջագրին է միացել նաեւ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այդ պահանջագրով միջազգային հանրության տարբեր դերակատարներին պահանջ է ներկայացվում` ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան․
«Ես այսօր իմացա, որ արդեն մի քանի օր ընթացող ստորագրահավաքին օրը 25 հազար արցախցի է միացել, սա նշանակում է, որ ամբողջ հանրությունը համախմբվում է այդ անելիքների շուրջ՝ քաղաքական ուժերից սկսած, վերջացրած հանրության ակտիվ եւ ոչ ակտիվ հատվածներ։ Արդեն իսկ վերջացել է «մենք ապրում ենք, արդեն իսկ պայքարում ենք» փուլը, սկսվել է անելիքների փուլը», ասաց Հակոբյանը։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը թքած ունի միջազգային հանրության կոչ-հորդորների վրա, ժամանակը չէ՞ իրենց իրենց պես պատասխանել` պարզապես վռնդել Արցախի տարածքից, Հակոբյանը պատասխանեց. հիմա ներքին խժդժություններ առաջացնելու ժամանակը չէ, որից կարող են որոշ խմբեր օգտվել․
«Մենք հասկանում ենք, որ երկու անցակետ տեղադրելով Ադրբեջանը այլ քայլեր է նաեւ հետապնդում, ամեն ինչ սրանով չի ավարտվելու, բայց գնալ - քշելուց առաջ պետք է վտանգները հաշվարկել, իսկ Ադրբեջանի վերջին օրերի քայլերը ցույց են տալիս, որ իր նպատակը Արցախի իշխանազրկումն է, եւ այն ներկայացնելը որպես տարածք, որտեղ ապրում են մարդկանց խմբեր։ Վտանգների լուծումը հավաքվել` գնալով չի լինելու։ Մեր ուժը որպես խիստ ընդդիմադիր ուժ այս պարագայում պատրաստ է սատարել Արցախի իշխանություններին` լոկ այս պատճառով, որ ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը տեղի չունենա։ Միեւնույն ժամանակ Արցախի իշխանություններից այս պահին կա պահանջ՝ հրապարակային հայտարարել, որ շարունակում ենք մնալ շրջափակման մեջ, ինչպես նաեւ չենք ընդունում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հորդորելով հեռու մնալ եւ հեռու պահել իրենց ձեռքերը Արցախից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում