կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-02 21:49
Հասարակություն

«Մենք ապրելու ենք հաղթողի հպարտությամբ». քառօրյա պատերազմում զոհված Անդրանիկի ծնողները՝ Լիբանանում

«Մենք ապրելու ենք հաղթողի հպարտությամբ». քառօրյա պատերազմում զոհված Անդրանիկի ծնողները՝ Լիբանանում

Տեղեկացրեցինք, որ այս պահին Լիբանանում տեղի է ունենում Արցախի և Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա են նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի ծնողները:

Իր ելույթում Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը պատմեց որդու զորակոչման և զինակից ընկերների հետ Անդրանիկի հերոսական մահվան մասին.

«Անդրանիկը զորակոչվեց 2014 թվականին: Ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Նա զոհվեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ ապրիլի մեկի լույս երկուսին: Անդրանիկը Արմենակ Ուրֆանյանի զինվորներից էր, զոհվեց Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հետ` նույն խրամատում: Անդրանիկը կրում էր իր մեծ հոր անունը: Մեծ հայրն էլ անվանակոչվել էր իր մեծ հոր անունով, ով Անդրանիկի զինվորներից էր: Որդիս տեր եղավ իր անվանը և համոզված եմ, որ դեռ շատ Անդրանիկներ կծնվեն: Մեր տղաներն իրենց կյանքով դա ապացուցեցին»:

Հերոս Անդրանիկի 50-ամյա հայրը պատմեց, որ իրենց բնակության վայրում իրեն շատերն են ճանաչում, սակայն որդու կորստից հետո նրան ճանաչում են որպես Անդրանիկի հայր: «Եվ ես հպարտ եմ դրանով: Իրենց զավակներին կորցրած ծնողներին պետք է ճանաչել իրենց հերոս զավակների անուններով: Աղոթում եմ, որ Աստված ուժ ու կորով տա մեր զավակներին, ովքեր այսօր կանգնած են Հայաստանի և Արցախի սահմաններին և հսկում են մեր անդորրը»,- հավելեց հերոսի հայրը:

Ատոմ Զոհրաբյանն իր ելույթը եզրափակեց Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայ ժողովրդին շնորհավորելով:

Նշենք, որ հերոս Անդրանիկ Զոհրաբյանը հանրապետության նախագահի կողմից ետմահու պարգևատվել է Մարտական խաչ շքանշանով: