Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ հնչեցրեց: Դրանից երկուսը վերաբերում էին տարածքային կառավարմանն ու համաչափ զարգացմանը:
Նա հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին` մեկամսյա ժամկետում համագործակցել էկոնոմիկայի, սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության, աշխատանքի ու սոցիալական հարցերի, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունների հետ և ուսումնասիրել բոլոր ոլորտների` 2017թ. բյուջեի նախագծի թեմատիկ դաշտերը և ներկայացնել առաջարկներ տարածքների զարգացման ռազմավարության վերաբերյալ:
Վարչապետը նշեց` որպեսզի ունենանք հասկանալի վեկտոր, թե դեպի ուր ենք գնում, յուրաքանչյուր գերատեսչություն պետք է համատեղի իր զարգացումը տարածքային զարգացման հետ: Միաժամանակ, տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարվեց երեք շաբաթվա ընթացքում վերանայել ու լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագիր՝ ներկայացնելով կառավարման մեթոդաբանությունը:
«Այդ ծրագրերը պետք է տեղերում ապահովեն տնտեսական զարգացում, գործնական աշխատանքների իրականացման պատասխանատվությունը պետք է կրի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի համայնքները տնտեսական զարգացման ծրագրեր մշակեն՝ ներկայացված մեթոդաբանությանը համապատասխան: Յուրաքանչյուր համայնք ու բնակավայր պետք է ունենա հորիզոն` ինչ է ուզում, որ այդ բնակավայրում լինի: Պետք է ունենա ծրագիր, երազ, թե ինչ քաղաք, գյուղ ու համայնք է պատկերացնում: Ելնելով դրանից` հանձնարարվում է տարածքային կառավարման ու զարգացման նախարարին` մեթոդաբանությունը սարքել մաքսիմալ պարզ` հստակ նշելով, թե մենք ինչ նպատակ ենք հետապնդում, թուղթը պետք է լինի ընթերցելի, հասկանալի, տրամաբանական ու պրագմատիկ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ բազմաթիվ ծրագրեր են մշակվում, որոնք պարզ ու հասկանալի չեն լինում:
Նա հարցրեց նախարար Դավիթ Լոքյանին, թե որքա՞ն ժամանակում կարող են մշակել մեթոդաբանություն: Լոքյանը պատասխանեց, որ հանձնարարականները տեղին են, համայնքային զարգացման ծրագրերը կավարտեն հունվարի 15-ին` ընտրությունների պրոցեսի հետ կապված, ծրագրերն ընթացքի մեջ են, և դրանք փոփոխվում են:
Վարչապետը հարցրեց` ծրագիրն ավարտում են հունվարի 15-ին` չունենալո՞վ ծրագրի մեթոդաբանությունը:
«Մեթոդաբանությունը երկշաբաթյա ժամկետում կհասնի համայնքներին, պետք է սպասենք` ընտրությունները ավարտվեն, ու համայնքի ղեկավարները ստանձնեն իրենց պարտականությունները: Հունվարի 15-ին բոլոր համայնքները կունենան համայնքների զարգացման հնգամյա պլանները, մարտի վերջին բոլոր համայնքները կունենան իրենց զարգացման ռազմավարությունը»,- ասաց նախարարը:
Վարչապետը հավելեց, որ դա շատ կարևոր աշխատանք է, որը պետք է որակ ունենա:
Արծվիկ Մինասյանն առաջարկեց այդ հանձնարարականում ներառել նաև բնապահպանության նախարարությանը: